«Թումանյանն իր նոթատետրում գրել էր՝ Ռուսաստանի համար Արցախը կորցնելը նույնն է, ինչ Կովկասից դուրս գալը: Թումանյանը Ղարաբաղով ոչ միայն հետաքրքրվել է, այլեւ հայ հայրենակցական միությունների միության նախագահն էր, եթե նայենք Անդրանիկի ու Թումանյանի նամակագրությունը, վիթխարի նյութ կարող ենք գտնել, թե ինչքան է նա մտահոգվել Արցախի խնդրով»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց բանասիրության դոկտոր Սուսաննա Հովհաննիսյանը: Նա մտավորականների այն խմբում է, որոնք պատրաստվում են 2019-ին Թումանյանի 150 ամյակին նվիրված հանրագիտարան ստեղծել:
Հայկական հանրագիտարանների հրատարակչության տնօրեն Հովհաննես Այվազյանն էլ պատմեց, որ արդեն սկսվել է Թումանյանի հոբելյանին նվիրված միջոցառումների նախագծերի մշակումը պետական մակարդակով. «Պատշաճ մակարդակով մի լուրջ հանրագիտարան է ստեղծվելու, այն իր տեսակի մեջ առաջինն է, որ պետք է նվիրվի հայ գրողի կյանքին ու ստեղծագործությանը:
Այս հանրագիտարանը կունենա իր շարունակությունը ի դեմս այլ գրողների: Պետք է փորձենք մեր առավելագույնն անել այդ հանրագիտարանը ստեղծելու համար»:
Սուսաննա Հովհաննիսյանն էլ շարունակեց՝ ասելով, որ Թումանյանն ամենայն հայոց բանաստեղծ է. «Այդպիսի կենսագրություն նույնիսկ համաշխարհային գրականության մեջ դժվար է գտնել, ո՞ր գրողն է, որ միաժամանակ եղել է տասնյակ միությունների նախագահ, անթիվ-անհամար են այն ընկերությունները, որոնց նա նախագահել է, եղել է ԱԺ վարչության կազմում, միշտ եղել է, այսպես ասած, դեպքի վայրում: Նա եղեռնը վերապրողներից է, ոչ թե՝ ականատես, նա եղեռնի տարիներին երկու անգամ եղավ Արեւմտյան Հայաստանում:
Այդքան ժողովրդական գրող չենք ունեցել: Մի գրող է, որը բոլոր ոլորտներում է եղել»:
Տիկին Հովհաննիսյանի խոսքով, Թումանյանը առանձնահատուկ է նաեւ իր հայրենասիրությամբ, երբ ութ զավակներին էլ հայրենիքին ծառայելու համար նվիրեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ