Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից 31.05.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու փաստերով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական գործը:
Այսպես, Երևանի բնակիչ Ա. Վ.-ն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել, որ իր ծանոթ Մ. Գ.-ն որդիներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար Հ. Բ.-ի միջնորդությամբ 2013-2016թթ.-ի ընթացքում առանձնապես խոշոր չափերով` 20.000-30.000 ԱՄՆ դոլար կաշառք է տվել ՀՀ կենտրոնական բժշկական հանձնաժողովի պաշտոնատար անձին: Վերջինս ստացած կաշառքի դիմաց կազմել է զինակոչիկների բժշկական հետազոտությունների վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք հիմք են հանդիսացել նրանց զինվորական ծառայությունից ազատելու համար:
Քրեական գործի նախաքննության ներկա փուլում երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ և 313-րդ հոդվածների 1-ին մասերով:
Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ