Սենեգալցի ուսանող Շեյխ Օմար Նդայեն, որ Ֆրանսիայի Կլերմոն-Օվերն համալսարանի ուսանող է, ապրիլ ամսից ապրում է Հայաստանում: Նա նույն համալսարանի ֆրանսիացի ուսանողուհի Լելի Բոնի հետ պրակտիկա է անցնում Հայաստանի Ֆրանսիական համալսարանում:
Aravot.am-ի հետ զրույցում Օմարն ասաց, որ չի պատկերացնում, թե ինչպես է ապրելու առանց Հայաստանի, որտեղ բազմաթիվ ընկերներ է ձեռք բերել ու նույնիսկ հայերեն խոսել սովորել: «Բարեւ, ապեր, ոնց ես, պրոբլեմ չկա, շնորհակալություն ձեր հյուրընկալության համար, ցտեսություն…»,- սրանք արտահայտություններ են, որ Հայաստանում ամենօրյա շփումների ժամանակ օգտագործում է Օմարը:
Որոշել է` մյուս տարի նորից է գալու Երեւան, որն իրեն հոգեհարազատ քաղաք է դարձել, իսկ ընկերների հետ կապը կշարունակի հեռախոսով, էլեկտրոնային նամակներով:
Նա որոշել է հետագայում վերադառնալ Հայաստան` որպես Հայաստանում Սենեգալի դեսպան: Ի դեպ, նրա հայրը ժամանակին համալսարանի ռեկտոր է եղել, ապա դեսպան:
Տեսանյութում` Շեյխ Օմար Նդայեն եւ Լելի Բոնը հայերեն են խոսում:
Մանրամասները` տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ