Aravot.am-ն այսօր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից, որը նաեւ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարն է, հետաքրքրվեց, թե է՞լ որ ապրանքների մասով են թանկացումներ սպասվում, ինչպես որ եղավ ծխախոտի պարագայում:
Հիշեցնենք, որ առաջիկայում ծխախոտը մեր երկրում 3-4 անգամ թանկանալու է` պայմանավորված ԵՏՄ անդամակցությամբ: Թանկացումը տեղի է ունենալու ակցիզային հարկի բարձրացման միջոցով, քանի որ Հայաստանում դրույքաչափը ԵՏՄ անդամ մյուս երկրների համեմատ ցածր էր:
Վաչե Գաբրիելյանը մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ այդ որոշումը միայն ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքներին է վերաբերելու: Այլ ապրանքների մասով, ըստ փոխվարչապետի, դրույքաչափերը համապատասխանեցնելու կարիք չկա:
Մանրամասները` տեսանյութում
Aravot.am-ը Վաչե Գաբրիելյանին նաեւ հարցրեց, թե հաշվի առնելով Ռուսաստանի տնտեսության վատ վիճակն ու այդ երկրում արձանագրվող դանդաղ տեմպերով տնտեսական չնչին աճը, Հայաստանի տնտեսական ոլորտի պատասխանատուները շարունակո՞ւմ են պնդել, որ ԵՏՄ-ն մեզ համար լավագույն տարբերակն էր:
«Կարծում եմ, որ Եվրասիական միությանն անդամակցությունը մեր տնտեսությանը տվել է որոշակի հնարավորություններ եւ մենք ունենք աճի որոշակի բաղադրիչներ, որոնք բխել են այդտեղից: Բնականաբար, խնդիրներ են առաջացել, քանի որ մեր անդամակցությունը համընկել է Ռուսաստանում տնտեսության վատացման հետ, սակայն դա չպետք է խառնել Ռուսաստանի տնտեսական վիճակի եւ Եվրասիական տնտեսական միության տված հնարավորության հետ»:
Վաչե Գաբրիելյանը նաեւ ասաց, որ Եվրամիության հետ նույնպես համաձայնագիր է ստորագրվելու, որը լինելու է ընդլայնված համագործակցության ծրագիր:
Փոխվարչապետին հանդիպեցինք այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում` Մարդկային զարգացման զեկույցի ներկայացմանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ