ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի ցանկանում խոսել այն մասին`արդյոք վարչապետ Կարեն Կարապետյանը երկարաժամկետ է իր պաշտոնում: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պատասխանելով այդ առիթով լրագրողների տարբեր հարցերին եւ արձագանքելով դիտարկմանը` Սերժ Սարգսյանն ասում է, որ վարչապետը շարունակելու է պաշտոնավարել, պատճառ չկա, որ նա հրաժարական տա, ՀՅԴ-ական պատգամավորն ասաց. «Մենք խոսում ենք այս կառավարության մասին, 5 տարի հետո ի՞նչ կլինի, դա արդեն հայտնի չէ»:
Հարցին՝ ո՞ւմ է տեսնում վարչապետ 2018 թվականից հետո, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Կգա 2018 թվականը, կտեսնենք, ես ձեզ նման 15 տարի հետոն չեմ կարողանում տեսնել: Մենք վաղվա եղանակի պրոգնոզը չենք կարողանում տալ, ուզում եք 5 տարվա պրոգնոզ տա՞մ»:
ՀՅԴ-ն դրական է արձագանքելու կառավարության ծրագրին, քանի որ նաեւ իրենց մատնանշած խնդիրներից կան, որ լուծումներ են ստացել:
Անցած մի քանի ամիսների ընթացքում շոշափելի արդյունքներ տեսե՞լ են, որ որոշել են վստահության քվե տալ գործող կառավարությանը` հարցին, բանախոսը պատասխանեց. «Կառավարության փոխարեն հաշվետվություն չեմ կարող տալ, բայց բավական լուրջ քայլեր կատարել են: Իհարկե, մենք դա տեսել ենք: Եթե չտեսնեինք, ինչո՞ւ պիտի կոալիցիա կազմեինք»: Նա ասաց, որ մի քանի րոպեում չի կարող թվարկել-ներկայացնել դրական քայլերը:
Անդրադառնալով Շիրակի ՀՅԴ-ական մարզպետին փոխելու կուսակցական որոշմանն էլ`ասաց. «Յուրաքանչյուր պաշտոնյա էլ գիտի, մեր պաշտոնյաներն էլ գիտեն, որ հավերժական պաշտոնյա գոյություն չունի: Կուսակցությունը կարող է որոշել, որ անձը կարող է հետո այլ տեղ աշխատել: Ոչ մի արտառոց բան այդտեղ չի կատարվել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ