Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ելքն» առաջարկում է պաշտոնյային պարտավորեցնել հայտարարագրել անձնական ճամփորդությունների, իր խնջույքների ծախսերը

Հունիս 07,2017 13:54

ԱԺ-ում քննարկվում է Հակակոռուպցիոն մարմին ստեղծելու հարցը: «Ելքի» պատգամավոր Մանե Թանդիլյանը նախագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանին հարցրեց. «Կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ խորհուրդը, որ ստացել էր 800 հազար դոլար, ի՞նչ արդյունավետություն ցուցաբերեց, ի՞նչ արդյունք ունեցանք, ինչպե՞ս ծախսվեցին այդ գումարները, որեւէ արդյունք տվեցի՞ն, թե՞ ոչ»:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր մարմնի արդյունավետությունը գնահատելու համար մի կարեւոր ախտորոշում պետք է անենք՝ ինչպիսի՞ գործիքակազմ է ունեցել այդ մարմինը: Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը խորհրդակցական մարմին էր, ընդամենը հարթակ էր՝ քննարկելու այս կամ այն հարցադրումը: Գումարի ճնշող մեծամասնությունը դեռեւս ծախված չէր՝ իմ վերջին տեղեկություններով»:

Նա ասաց, որ այդ խորհուրդը իրականում արդյունավետ է եղել, կարեւոր նախագծեր են ծնվել այդ խորհրդում՝ ապօրինի հարստացում եւ այլն. «Եթե դուք կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին եք խոսում, քավ լիցի, գուցե անունը շփոթության մեջ է գցում, այդ խորհուրդը այդպիսի լիազորություն, պայքար, քննություն, պատժելու գործառույթներ չի ունեցել»:

Հանձնաժողովը պետք է քաղաքական չեզոքություն պահի, որեւէ մեխանիզմ կա՞ սա հսկելու, կամ շահերի բախումը հսկելու, եթե, ասենք, հանձնաժողովի անդամի եղբոր գործն է քննվում: Այս հարցերն ուղղեց Արփինե Հովհաննիսյանին «Ելքի» պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ եթե չեզոքությունը չի պահվում, անհամատեղելիության պահանջները խախտելու համար պատասխանատվություն է նախատեսվում: Եթե հանձնաժողովի անդամի եղբոր հարցը քննարկվի, հանձնաժողովի այդ անդամը չպետք է մասնակցի քննարկմանը:

«Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանն էլ հարցրեց՝ քննարկե՞լ եք բացի եկամուտներից նաեւ ծախսերի հայտարարագրման հարցը, սրանով հնարավոր կլինի պաշտոնյային պարտավորեցնել ինչ-որ գումարի գերազանցման պարագայում հայտարարագրել, օրինակ, իր անձնական ճամփորդությունները, զավակների կրթության վարձավճարները, մեծ հանդիսությունները, խնջույքներ եւ այլն: Նազարյանը նաեւ հարցրեց՝ ՀԿ-ների կողմից առաջարկ է եղել, որ պաշտոնյաները հայտարարագիր ներկայացնեն նաեւ պաշտոնավարումից հետո 3 տարի շարունակ, դուք մերժել եք, ո՞րն է պատճառը:

Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ կարելի է աստիճանական գնալ այդ քայլերին: Դեռ նոր է մարմինը ստեղծվում, փորձառություն չունենք ու չենք կարող առաջնորդվել չափազանցության սկզբունքով: Ինչ վերաբերում է 3 տարի շարունակ պաշտոնավարումից հետո հայտարարագիր ներկայացնելուն՝ նա ասաց, որ դա խնդրահարույց է, ինչո՞ւ 3 տարի, ո՞րն է ողջամիտ ժամկետը: Քաղաքական ենթատեքստը հասկանալի է, բայց պաշտոնյան կարող է պաշտոնավարումից հետո երկրից դուրս գալ, չի կարելի նրան նման բան պարտավորեցնել: Եթե համատարած հայտարարագրում լինի՝ կարելի է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930