Այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներդրումները 9 միլիարդ դրամով պակաս են եղել. Ազգային վիճակագրական ծառայության տվյալներն են։ «Մենք ունենք կապիտալի արտահոսք, և զարմանալին այն է, որ դա Ռուսաստանի Դաշնության հետ է կապված»,- ասում է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։
Ապրիլին ներդրումների ծավալը կազմել է 109 միլիարդ դրամ՝ 5 միլիարդով ավելի, քան մեկ տարի առաջ. «Այս աճը ընտրությունների հետ եմ կապում։ Մասնավոր տրանսֆերներ են եղել ընտրարշավ կազմակերպելու համար», – ասում է տնտեսագետը։
Տնտեսագետի պնդմամբ՝ այս տարի 6.5%-ով աճել է ՀՆԱ-ն։ Պաշտոնական մեկնաբանություններով՝ այս թիվն ապահովվել է նաև հարկահավաքության միջոցով։ Արդյո՞ք տնտեսությունում եղած ստվերն է կրճատվել։ Վահագն Խաչատրյանը մեկնաբանում է. «Ոչ թե ստվերն է կրճատվել, այլ հարկ վճարողներից գերավճարներ են կատարվել»։
Նրա գնահատմամբ՝ տնտեսական ծանր տարի է սպասվում, ինչը կապված է Ռուսաստանի Դաշնությունում առկա խնդիրների հետ. «Հիմա նրանք ուզում են խնդիրները լուծել և դա անելու են մեր հաշվին», -ասում է Վահագն Խաչատրյանը։
Տնտեսագետի կարծիքով՝ այս տարի ևս սպասվում է գնաճ, չնայած նրան, որ ըստ կանխատեսումների, պետք է ապրանքների գները չբարձրանային։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում