«Դա ծխելու հետ ընդհանրապես կապ չունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը`պատասխանելով լրագրողներից մեկի այն հիշեցմանը, որ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարել էր, թե ծխող մարդիկ անհաջողակներ են:
Այդ պահին նախկին ոստիկանապետը ծխում էր: Պատգամավորը դեմ չէ ծխելու դեմ հայտարարված կառավարության պայքարին: Ասում է`ինքն օրինապաշտ մարդ է, եթե օրենքն ընդունվի, ինքը կենթարկվի խաղի կանոններին, մանավանդ, որ ծխում է այսպես ասած, սիրողական մակարդակով: Ամեն դեպքում, ծխախոտի թանկացումը նա ծխելու դեմ արդյունավետ պայքար չի համարում: Կարծում է`մարդկանց մոտեցումը պիտի փոխել:
Երեկ առողջապահության նախարարը մեկ այլ վիճահարույց հայտարարություն էր արել` ասելով, որ Հայաստանում առողջապահական ծառայությունների որակը ցածր է, քանի որ դրանց գներն են ցածր: ՀՀԿ-ական պատգամավորը համաձայն չէ կուսակից նախարարի հետ. «Չեմ կարծում, որ գները ցածր են»:
Բացի այդ, իր կարծիքով, պետք է մարդկանց սոցիալական վիճակին նայել. «Վճարունակ, ավելի ճիշտ`անվճարունակ խավի հետ պետք է հաշվի նստել: Եթե մարդիկ հնարավորություն չունեն`ի՞նչ ասել է: Արտասահմանում աշխատավարձը գուցե 5-6-7 հազար դոլար է, ինչ-որ մի ծառայության համար էլ, ապահովագրական համակարգով 500 դոլար է, մարդիկ վճարում են, հետո էլ օգտվում են: Մեզ մոտ նույնիսկ ապահովագրելը հիմա անհնար է»:
Նա ի դեպ, այդքան էլ կողմ չէ առողջապահական հաստատությունների վաճառքին: Համամիտ է`մասնավորը ավելի լավ ծառայություններ կմատուցի, բայց դա կլինի գների աճի հաշվին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ