2017 թ. հունիսի 6-ին ՀՀ Վարչական դատարանում շարունակվեց ցուցարար Հասմիկ Էվոյանի դեմ Ոստիկանության հայցի և ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին հակընդդեմ հայցի քննությունը:
Հասմիկ Էվոյանը Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ՝ 2016 թ. մարտին տեղի ունեցած հավաքի մասնակիցներից է:
ՀՀ Ոստիկանությունը պահանջել է վարչական պատասխանատվության ենթարկել նրան ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով՝ հավաքի մասնակցի՝ իր պարտականությունները չկատարելու և ոստիկանության՝ օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար:
Դատական նիստի ընթացքում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանն ու Հ. Էվոյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը հանդես եկան բացման խոսքով:
ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ 2016 թ. մարտի 24-ին հավաքի մասնակիցները ամբողջ երկայնքով փակել են Մաշտոցի պողոտան, նրանց մի մասը իրեն շղթայել է ասֆալտին և պառկել, նստել կամ կանգնել է փողոցի երթևեկելի հատվածում՝ խախտելով հավաքի բնականոն ընթացքը: Հավաքի մասնակիցները չեն կատարել ոստիկանության՝ հավաքի բնականոն ընթացքը պահպանելու և փողոցի երթևեկելի հատվածից դուրս գալու պահանջը, որից հետո ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրանց և տեղափոխել ոստիկանության բաժին:
Պատասխանողի ներկայացուցչի հարցերին ի պատասխան՝ նշեց, որ վերոնշյալ պահանջներն ի սկզբանե են ներկայացվել հավաքի մասնակիցներին: Իսկ գործի վարույթը մասնակի կարճելու՝ Հ. Էվոյանի ներկայացուցչի միջնորդության դեմ առարկեց՝ նշելով, որ գործում առկա արձանագրությունը վերաբերում է նաև ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված իրավախախտմանը: Ինչին Տ. Սիրադեղյանը հակադարձեց՝ նշելով, որ արձանագրության մեջ դրա վերաբերյալ առկա գրառումը հնչեցված պահանջի բաղադրիչն է, և իրավախախտման էության նկարագրության մեջ այն առկա չէ:
Հիշեցնենք՝ Տ. Սիրադեղյանը միջնորդել էր մասնակի կարճել գործի վարույթը, քանի որ կազմված արձանագրությունը վերաբերում է միայն ոստիկանության օրինական պահանջը չկատարելուն, իսկ հավաքի բնականոն ընթացքը խոչընդոտելու մասին արձանագրություն չկա: Դատարանը միջնորդության վերաբերյալ դիրքորոշում կներկայացնի գործն, ըստ էության, լուծող դատական ակտում:
Այնուհետև Տ. Սիրադեղյանն իր առարկությունները ներկայացրեց ՀՀ Ոստիկանության հայցի դեմ՝ նշելով, որ Հ. Էվոյանի գործողություններում բացակայում են նրան վերագրվող արարքների հատկանիշները: Եվ անդրադարձավ հակընդդեմ հայցին՝ հիմնավորումներ ներկայացնելով Հ. Էվոյանի իրավունքների և ազատությունների խախտման մասին:
Դատարանն անցավ ապացույցների հետազոտմանը: Պատասխանողի ներկայացուցիչը որոշ հարցեր ուղղեց իրականացված վարույթի շրջանակներում վերցված բացատրությունների, բացատրություն տված ոստիկանության աշխատակիցների կարգավիճակի մասին:
Դատական նիստում հետազոտվեց նաև պատասխանող կողմի ներկայացրած տեսանյութը, որի վերաբերյալ կողմերն արտահայտեցին իրենց դիրքորոշումը: Տեխնիկական պատճառներով տեսանյութի ձայնագրությունը լսել հնարավոր չեղավ, և դատարանը որոշեց հետաձգել նիստը՝ տեսանյութը պատշաճ հետազոտելու տեխնիկական հնարավորություններ ապահովելու համար:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ