Երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի. «Իսկ պարբերաբար հրապարակվող լուրերը իբր գոյություն ունեցող հակասությունների, հակամարտության մասին, մտացածին են: Մենք թե կուսակցության, թե իշխանության մակարդակով շատ լավ հասկանում ենք, թե ովքեր են այդ բեմականացման հեղինակները, ինչպիսին են նրանց ցանկությունները, բայց կարծում եմ, որ դա իրավիճակի վրա որևէ ազդեցություն ունենալ չի կարող»:
Aravot.am-ն այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց`ովքե՞ր են բեմականացման հեղինակները: Պարոն Բաղդասարյանն ասաց`նրանց ՀՀԿ-ում մի փնտրեք. «Համենայնդեպս, մեր կուսակցության մեջ մենք նման խնդիրներ չունենք: Կարող են անհատ ինչոր մարդիկ ինչ-ինչ շահագրգռություններ ունենալ, դա լրատվամիջոցները լավ կիմանան, լրատվամիջոցներին են նման բաները պատվիրում»:
Դիտարկմանն ի պատասխան`այլ քաղաքական ուժե՞րն են վարչապետի եւ նախագահի հարաբերություններում փորձում սեպ խրել, մեր զրուցակիցը դարձյալ սլաքն ուղղեց լրատվամիջոցների կողմը. «Չեմ կարող ասել: Լրատվությունները կարող են ասել, թե ովքեր են իրենց նման մտացածին հոդվածներ պատվիրում»:
Երեկ խորհրդարանից դուրս միավորումների եւ արտախորհրդարանական գործընթացների մասին խոսել էր պաշտպանության նախկին նախարար, «ՕՐՕ» դաշինքի առաջնորդներից Սեյրան Օհանյանը`չբացառելով ֆորս-մաժորային իրավիճակները: Այդ առիթով մեր հարցին էլ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Համբերենք, սպասենք զարգացումներին: Տարբեր մարդիկ տարբեր խոստումներ տալիս են, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ էր խոստացել»:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ