Այսօր ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանից հետաքրքրվեցին՝ ձեր մարտական ընկերը՝ Սեյրան Օհանյանը արտախորհրդարանական զարգացումներ է խոստանում, ուզում է իշխանափոխություն անել եւ ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել իշխանությունների համար, ի՞նչ խորհուրդ կտաք նրան՝ նա պատասխանեց. «Թողեք ես իմ ցավով տապակվեմ, էլի»:
Նա վստահեցրեց, որ իշխանափոխություն չի լինի. «Չի լինի, որովհետեւ մեր ժողովուրդը հեղափոխական ժողովուրդ չի, ինքն էլ գիտի, որ չի լինի»:
Այդ դեպքում թե ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը նման բան ասում՝ Սարոյանը այսպես մեկնաբանեց. «Է, ասում ա, մտքով անցնում ա՝ ասում ա: Ես էլ շատ բան կարամ ասեմ»:
Մեր հարցին՝ Զարուհի Փոստանջյանը նույնպես ասում է, որ պետք է դիմադրության ճակատ ստեղծել եւ ապստամբություն անել՝ Սեյրան Սարոյանը արձագանքեց. «Հա, բա, Գավրոշն ա, պիտի հեսա հեղափոխություն անի»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե Սեյրան Օհանյանը ձեզ դիմի, որպես մարտական ընկեր, կաջակցե՞ք իրեն՝ նա պատասխանեց. «Ա աղչի ջան, որ ես իշխանության մեջ եմ, ոնց որ դու գաս մեր տուն, ասես՝ դու տնից հելի դուրս, ես գամ, հո խայտառակ չեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ