Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը ձերբակալված չեն։
Այս տեղեկությունը հաստատեց Պետրոսյանի շահերի ներկայացուցիչ Ա. Մելքոնյանը՝ հերքելով մամուլում տեղ գտած այն հրապարակումները՝ համաձայն որի դատարանի նախագահն ու դատավորը ձերբակալված են։
Երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել Գեղարքունիքի մարզում կաշաոք վերցնելու, օժանդակելու, մասսայական ձերբակալությունների վերաբերյալ։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Վարդենիս քաղաքի մի քանի բնակիչներ, այդ թվում՝ մարզի դատախազ Սեւակ Շհոյանը։ Գործով կան նաեւ կալանավորվածներ, այդ թվում՝ դատարանի նախագահի վարորդ Կարեն Մարտիկյանը, որը մեղադրվում է կաշառք միջնորդելու եւ ՔԿՀ աշխատակցին կաշառք տալու մեջ։
Դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը կասկածվում է առանձնապես խոշոր կաշառք վերցնելու մեջ, նա, սակայն փաստաբանի խոսքով՝ այդ մասով առայժմ ո՛չ հարցաքննվել է, ո՛չ էլ նրա մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն է կատարվել։
Մելքոնյանն ասաց, որ դատարանի նախագահն արդեն մի քանի օր է՝ գտնվում է հիվանդանոցում. «Նա վատառողջ է, այս պահին գտնում է հիվանդանոցում, 10 տարուց ավելի բարձր շաքարային դիաբետ ունի, բացի դա՝ ինսուլտային նախանշաններ են եղել»,– հավելեց փաստաբանը։
Նա ասաց, որ սույն քրեական գործում որպես ապացույց գաղտնալսում կա, գաղտնալսվել է նաեւ դատարանի նախագահը։ «Դատարանի նախագահին գաղտնալսել են, բայց որեւիցե տվյալ այդ ներկայացվածի մեջ, որ դատարանի նախագահը որեւէ մեկի հետ ինչ-որ բան է խոսում, չկա, համենայնդեպս ինձ ներկայացված նյութերում»,- ասաց նա։
Մելքոնյանը պաշտպանում է նաեւ Պետրոսյանի վարորդ Կարեն Մարտիկյանի շահերը։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Փաստաբանի խոսքով՝ ըստ մեղադրանքի իբր Մարտիկյանը. կաշառք է տվել ՔԿՀ աշխատակից ոմն Լաուրայի. կաշառքը կազմում է 45 հազար դրամ։ «ՔԿՀ աշխատակցին կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալել են, ինչ պետք է՝ Լաուրան ցուցմունքներ է տվել վարույթն իրականացնող մարմնին, ազատ է արձակվել։ Փաստորեն, ով կաշառք է վերցրել ազատ է արձակվել, իսկ ով իբր թե 45 հազար դրամ է տվել, նրան կալանավորել են»,- ասաց փաստաբանը։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում