Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչ-որ առումով կառավարության բախտը բերել է, որ սպասվող պտղի ու խաղողի բերքն այս տարի համեմատաբար քիչ է. «Ժամանակ»

Հունիս 07,2017 10:55

Իր գործունեության ընթացքում պրն Կարապետյանի կառավարությունն այդպես էլ չանդրադարձավ հանքարդյունաբերությունից հետո տնտեսության մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեցող խմիչքների արտադրության ոլորտում տիրող իրավիճակին: Թերևս այդ ոլորտը կարգի բերելուց (եթե, իհարկե, հնարավոր է դա անել) հետո միայն իմաստ ուներ ուսումնասիրել օղի կամ գինի արտադրողներին աջակցելու հնարավորությունները: Հատկապես, որ գյուղացիներից մթերած խաղողի դիմաց պարտքերի վերադարձի հարցը վերաբերում է հենց գինի, օղի, կոնյակ արտադրողներին ու բանջարեղեն մշակողներին: Նրանք են, որ գյուղացու արտադրածը վերցնելուց հետո գործող կառավարությունների անուղղակի աջակցությամբ տարիներով չեն վճարում «գնած» մթերքի դիմաց:

Իսկ ինչ վերաբերում է ջերմոցներին, գիտականորեն ապացուցվել է, որ ջերմոցային տնտեսության զարգացման համար Արարատյան դաշտը բոլորովին էլ Հայաստանի լավագույն վայրերից չէ:

Ինչ-որ առումով կառավարության բախտը բերել է, որ սպասվող պտղի ու խաղողի բերքն այս տարի համեմատաբար քիչ է, և նախորդ տարիների մթերումների սկանդալային խնդիրները չեն առաջանա:

Բայց Արմավիրի վերջին՝ վարունգի բերքի իրացման հետ կապված, դեպքերը, գյուղացիներին ունեցած մշակողների պարտքերի վերադարձման խնդիրները պետք է կառավարությանը հուշեին առաջին հերթին անդրադառնալ հենց այդ հարցերին, որովհետև հանրապետությունում գյուղատնտեսությունը զարգանում է առաջնահերթ այս մարզերում, և բոլորովին էլ բացառել պետք չէ, որ առաջիկայում նորից խնդիրներ են առաջանալու լոլիկի մթերումների ու դրա դիմաց վճարումների առումով (մինչ օրս նախկին վարչապետի և գյուղնախարարի սեփականությունը հանդիսացող «Արտֆուդը» պարտքեր ունի գյուղացիներին):

Ի վերջո Հայաստանից տեղի ունեցող արտագաղթի նման ծավալների, չքավորության նման մակարդակի պայմաններում կառավարության խնդիրը ոչ թե փողատերերին օգնելն է ունեցած գործարաններն ընդարձակելու, նորերը կառուցելու գործում, այլ կես հա կամ 2000 քմ հողատարածք ունեցողին օգնելը՝ արդարությունը հարգելու, մթերածի դիմաց գումարը ստանալու առումով:

Հարցի լուծումը կառավարությունը փորձում է թողնել գյուղացիների վրա՝ պնդելով, թե գյուղացին պետք է պահանջատեր լինի, պայմանագիր կնքի և պայմանագրով աշխատի վերամշակողի հետ: Մարզում 40 հազար գյուղացիական տնտեսություն կա ու մեկ «Արտֆուդ» կամ մի քանի գինու գործարան, որոնք պարզապես պայմանագրով չեն աշխատում, պայմանագիր չեն կնքում, գյուղացու առաջարկած խաղողի կամ լոլիկի պետքը չունեն: Այդպես են ասում: Ինչպե՞ս վարվի գյուղացին, եթե այլընտրանք չունի: Այստեղ է կառավարության հիմնական անելիքը, այն է՝ օրենսդրորեն կամ որոշումներով նման իրավիճակներում գյուղացու համար բռնվելու փոքր խարիսխ ստեղծել:

Գյուղատնտեսական տարին բացվել է, և այս հարցերը նորից հառնելու են գյուղացու և կառավարության առաջ: Վերջինս, ինչպես միշտ, սկսելու է հորդորել վերամշակողներին, որ գյուղացու փողերը տան:

Նարեկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930