Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Հայաստանը ՄԱԿ-ում դեմ քվեարկեց Վրաստանի հեղինակած բանաձևին

Հունիս 07,2017 14:30

Հունիսի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկեց և 80 կողմ, 14 դեմ և 61 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Աբխազիայի, Վրաստանի և Ցխինվալի շրջանի/Հարավային Օսիայի ներքին տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևին։ Այս բանաձևով Գլխավոր ասամբլեան ճանաչում է փախստականների և ներքին տեղահանված անձանց վերադարձը Վրաստան՝ անկախ նրանց ազգությունից։ Ի դեպ, նման բովանդակությամբ բանաձև Վրաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ն ընդունում է արդեն 10-րդ անգամ։ Բանաձևին դեմ քվեարկածների շարքում էին Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Կուբան, Սիրիան, Զիմբաբվեն և այլն։ Ակնհայտ էր, որ բանաձևի ընդունումն ու Հայաստանի քվեարկությունը չէին կարող վրիպել Հայաստանի լրատվական-փորձագիտական հանրության աչքից, հետևաբար այն տարատեսակ մեկնաբանությունների, հետևությունների և վերլուծությունների տեղիք տվեց։

Այդ կապակցությամբ ցանկանում եմ անդրադառնալ բանաձևին «դեմ» քվեարկելու հիմնավորմանը։ Բանաձևը նախատեսում է փախստականների վերադարձ՝ առանց բուն հակամարտության կարգավորման։ Ակնհայտ է, որ առանց հակամարտության համապարփակ կարգավորման նման բան հնարավոր չէ, եթե խնդրի մնացած բաղադրիչները, օրինակ՝ ֆիզիկական անվտանգությունն ապահովված չէ։ Դիցուք, պատկերացրեք առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ամբողջական կարգավորման փախստականների վերադարձ իրենց բնակավայրեր։ Այստեղ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ կապ ունի Լեռնային Ղարաբաղը այս բանաձևի հետ։ Նախ` նշեմ, որ այս բանաձևի հիմնական աջակիցներն են ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության անդամ երկրները, որոնք մշտապես հանդես են գալիս միասնական ճակատով, իսկ օրակարգ մտնելուց առաջ բանաձևը կոչվել է «Ձգձգված հակամարտությունները «ՎՈՒԱՄ»-ի տարածքում և դրանց հետևանքները միջազգային խաղաղության, անվտանգության ու զարգացման վրա»։ Այս նախադասությունն արդեն ամեն ինչ ասում է բանաձևի բուն էության մասին։ Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քննարկումը տեղափոխել ՄԱԿ, որտեղ մենք կպարտվենք առաջին իսկ քվեարկության ժամանակ։ Այսինքն՝ այս առումով բանաձևը մեզ համար անընդունելի է։ Որքան Լեռնային Ղարաբաղը քիչ հիշատակվի ՄԱԿ-ի կամ այլ կառույցների պաշտոնական փաստաթղթերում, այնքան ավելի հեշտ կլինի խուսափել հակահայկական բանաձևերից և ձևակերպումներից։ Պետք է նախ հաշվի առնել, որ ՄԱԿ-ում նույնպես նախադեպի ինստիտուտը և՛ իրավական, և՛ քաղաքական առումով շատ ուժեղ է։ Պետք է նաև հաշվի առնել, որ ՄԱԿ-ում կա շատ ուժեղ թուրքական ազդեցություն, իսկ «Իսլամական Կոնֆերանս»-ի պետությունները մշտապես Ադրբեջանի թիկունքին են։

Լինելով «ՎՈՒԱՄ» միջազգային կազմակերպության անդամ՝ Վրաստանը մշտապես ՄԱԿ-ում կողմ է քվեարկում ադրբեջանամետ՝ հետևաբար հակահայկական բանաձևերին, բանակցությունների ժամանակ ակնհայտ սատարում է իր գործընկերոջ՝ Ադրբեջանի դիրքորոշումը և այլն։ Իսկ 2008 թվականին կողմ է քվեարկել և օրակարգ ներառել Ադրբեջանի կողմից ՄԱԿ բերված «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» վերնագրով բանաձևին։ Ելնելով վերոգրյալից՝ կարծում եմ, որ Հայաստանը պետք է դեմ քվեարկի Վրաստանի կողմից յուրաքանչյուր տարի բերվող այս բանաձևին։ Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ «ՎՈՒԱՄ»-ի կանոնադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ անդամ չորս պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը համարում են Ադրբեջանի անքակտելի մաս։ Պետք է գիտակցել, որ «ՎՈՒԱՄ» անդամ դառնալուց հետո Վրաստանը որոշակի պարտավորություններ է ստանձնել, որոնք բխում են այս պետության շահերից, հետևաբար ձևավորված դիրքորոշում ունի միջազգային կազմակերպություններում քվեարկելու տեսանկյունից։ Վրաստանը ինքնիշխան պետություն է, և ինչպես հարգում ենք նրա կայացրած որոշումը, այնպես էլ պետք է հարգենք Հայաստանի քվեարկությունը՝ որպես պատասխան գործողություն։

 

Սուրեն Սարգսյան

Միջազգային իրավունքի մագիստրոս

Թաֆթսի համալսարան

«Առավոտ» օրաթերթ

06.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930