Ասաց Երեւանի ավագանու կալանավորված նախկին անդամը
Չորրորդ տարին է, ինչ շարունակվում են «Կենտրոն մաքրություն» ընկերության կամ ինչպես ընդունված է՝ «Հավաքարարների գործով» դատական նիստերը: Երեկ հարցաքննվեց «հանցավոր խմբի» տասներեք անդամներից նշված ընկերության տնօրեն Արթուր Հովհաննիսյանը: Միակը, ով երեք տարի է, ինչ գտնվում է կալանքի տակ: Նա պատասխանեց մեղադրող Հ. Մելքոնյանի, դատավոր Մ. Մակյանի եւ քաղաքապետարանի ներկայացուցչի հարցերին:
Ա.Հովհաննիսյանն ասաց, քանի որ ընտրվել էր Երեւանի ավագանու անդամ, իր հորդորով տնօրեն է նշանակվել եղբայրը՝ Սամվելը, ով ընդհանրապես գործից տեղյակ չի եղել, իսկ Երեւանի քաղաքապետարանը, հրաման տվողը՝ քաղաքապետն էլ իմացել են այդ մասին: Ղեկավարությունը համաձայնել է նման կարգավիճակով տնօրեն պահելուն, քանի որ կադրեր չկային: Կադրեր չկան հիմա էլ, ասաց ամբաստանյալը, եւ նաեւ նշեց. «Հիմա մասնագետ չկա: Հիմա կարող է ազատվեմ, էլի տնօրեն նշանակվեմ, բայց չեմ գնա»:
Եղբայրը զբաղվել է աղբահանության հարցերով: Բոլորն էլ իրականում իմացել են, որ տնօրենն ինքն է, բայց Սամվելին են ընդունել: «Պուճուր երկիր է, Ռուսաստան չի, որ ՓԲԸ ղեկավարեմ, տեղյակ չլինեն»,-շարունակեց նա:
Ա.Հովհաննիսյանը ստացել է 120 000 դրամ աշխատավարձ, եւ դատավորի հարցին էլ, թե ինչու էիք նման այդքան դժվարություններով, «չգնահատված» աշխատանքի համաձայնել, պատասխանեց. «Տնօրեն էի աշխատում, չարժե՞ր…Այսօր երկիրն է 120 000 ստանում: Գնամ հարցնե՞մ»: Ըստ նրա, իր համար կարեւորը քաղաքի մաքրությունն է եղել, եւ լինելով միակ ամենահզոր սանսեկտորը, հանդիպել է դժվարությունների: Ըստ նրա, երբ ընդունեց այս աշխատանքը, համակարգը հիշեցնում էր կոմունիստական ադաթներով համակարգ, ուր ավել հաստիքներ էին պահում, իրենց դեպքում վեց հաստիք՝ մեկ գործ անելու համար: Կարողացել է երեք դրույքի հասցնել թիվը: Իրականում հավաքարար այսօր էլ չեն աշխատում, եթե գրանցել են այլ մարդկանց անունները, դա չի նշանակել, թե գումարներ են ավելացել: Ամբաստանյալն ասաց, թե հաճախ են իրեն կարգադրել իրենց պայմանագրից դուրս աշխատանքներ կատարել: Կենցաղային աղբի փոխարեն իրենք շինաղբն են մաքրել, եւ դատախազի հարցին էլ, թե ինչու էիք մաքրում, պատասխանեց.
«Կարո՞ղ էի չմաքրել. դատախազությունն էր կանչում, ԱԺ-ն, պետական հիմնարկները: Անձամբ Աղվան Հովսեփյանի տուն եմ գնացել, կարայի չմաքրեի՞: ԱԺ ներսը փողո՞ց է, կանչել են, չհաշված հայտնի դերասանը, երբ մահանում էր, պիտի տարածքը ջրվեր, մաքրվեր»:
Ամբաստանյալը հիշեց Երեւան քաղաքի դատախազի հետ կապված էլ մի դրվագ, երբ տանիքի ձյունը թափվել էր նրա դիմաց: Այս խնդրանքները, իհարկե, մասնավոր անձինք չեն արել, այլ՝համատիրությունների պատասխանատուները: Ըստ ամբաստանյալի, հիմա «Սանիտեքին» եթե մեկը դիմի, չեն անի, արաբներ են, առանց գումար չեն կատարի: Մինչդեռ, ինքը հաճախ ավել աշխատանքի դիմաց կարողացել է դիզվառելիքի չեկ տալ, որը գտնվել է անձամբ իր մոտ, վերահսկել աղբատար մեքենաների վարորդների աշխատանքը: Նա աբսուրդ համարեց դատախազության ներկայացրած հափշտակված գումարի չափը՝ 251 000 դրամը, եւ ընդունեց միայն 16 500 դրամը: Ամբաստանյալի եւ նրա եղբոր պաշտպանությունն իրականացնում է փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2017