Հունիսի 7-29-ը կանցկացվի Հենրիկ և Գերոնտի Թալալյանների անվան ալտի և թավջութակի VI I I փառատոնը, որն այս տարի նվիրվում է Ալեքսանդր Հարությունյանի հիշատակին: Փառատոնը իրականացվում է «Արս լունգա» հ/կ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Թալալյան եղբայրների անվան ամենամյա փառատոնը նպատակ ունի ինքնադրսևորման հնարավորություն ընձեռել շնորհալի երիտասարդ կատարողների համար, պրոպագանդել դասական և հայ ակադեմիկ երաժշտությունը, ընդլայնել ստեղծագործական շփման դաշտը հայաբնակ, սփյուռքահայ և այլազգի երաժիշտների միջև, հատուկ կրթական ծրագրերի միջոցով նպաստել մանուկ և պատանի կատարողների զարգացմանը:
Այս տարի եւս փառատոնը, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, նախատեսում է իրականացնել մի շարք համերգներ, որոնցում կներգրավվեն հայ երիտասարդ շնորհալի կատարողներ` հնչեցնելով պրեմիերաներ և դասական շրջանի հազվագյուտ կատարվող ստեղծագործություններ՝ գրված տարբեր կամերային կազմերի համար։
Նախատեսվում է 6 համերգ, որոնցից հիմնականի մուտքն ազատ է, իսկ բացման և փակման համերգներին փառատոնի և Լ. Մեծագործի անվ. ասպետական միաբանության անդամների համագործակցությամբ նախասրահում կիրականացվի ցուցահանդես-վաճառք՝ ձեռագործ իրերի, որոնք պատրաստված են «Փյունիկ» հաշմանդամների միության երեխաների կողմից:
«Առավոտ» օրաթերթ
06.06.2017