Ազգությամբ ռուս բժիշկ, բնաբույժ Գալինա Շատալովան բնության հետ ներդաշնակ ապրելու եւ հոգեւոր խաղաղություն գտնելու բանաձեւը գրել է սեփական փորձից ելնելով: Ըստ որի՝ մարդը մենակ մնալով բնության հետ, պետք է մի կողմ նետի դատողական ռացիոնալիզմի զրահը, որը օգնում է ապրելու դաժան, սառը եւ հաշվենկատ քաղաքակիրթ աշխարհում:
Բնաբույժը խորհուրդ է տալիս.
. Մոռացեք առօրյա հոգսերը, վիրավորանքները, չարությունը, նախանձը:
. Տրվեք թեթեւության, սավառնումի զգացումին:
. Միաձուլվեք տերեւի սոսափին, ծաղիկների ու խոտերի բույրով հագեցած օդին, թռչունների ճռվողյունին, արեւածագի շողերին:
. Մի վախեցեք ծիծաղելի երեւալուց:
. Անգործությունը մարդուն հակացուցված է, հատկապես, եթե նա հիվանդ է:
. Կյանքը շարժվում է, բայց շարժվելով` դուք պետք է զգաք, որ ապրում եք, այլ ոչ թե պարզապես տեղաշարժվում եք տարածության մեջ:
Սակայն, ըստ բնաբույժի, դուք չեք զգա կեցության հրճվանքը, թեթեւությունը, ձեր միաձուլումը բնության հետ, եթե ձեր օրգանիզմի ներքին միջավայրն աղտոտված է սննդով:
Տիկին Շատալովան լեռնային ճամբարում 800 հիվանդների հետ որոշ ժամանակ ապրել է փոփոխված օրակարգով. «Մեր նախաճաշը դեղաբույսերից պատրաստված մի բաժակ թեյն էր` մի գդալ մեղրով: Ճաշում էինք կեսօրվա 12-ին: Ուտելիքը պատրաստում էինք ինքներս: Կերակրացանկից բացակայում էին միսը, ձուկը, աղը, շաքարը, դրոժով թխված հացը, մակարոնեղենը, հրուշակեղենը: Ուտում էինք վայրի բույսերից պատրաստված աղցաններ, բանջարեղենից ու ձավարեղենից պատրաստված ապուրներ: Ճաշի անբաժան մասն էին կազմում կատակներն ու լիաթոք ծիծաղը»:
Այսպիսի ապրելակերպը, ըստ բնաբույժի, նկատելի է դարձրել այն, որ լիակատար առողջ վիճակի պայմաններում մարդիկ վերագտել են ինտուիտիվ մտածողությունը, ստեղծագործության հրճվանքը, ներշնչանքը: Նրանք սկսել են բանաստեղծություններ գրել, նկարել, երգել. «Ուղղակի աչքիս առաջ կազմակերպվում էր մարդկային մի համայնք, որտեղ բացակայում էին ձանձրույթը, մեկուսացումը, անբարեհաճությունը, ծուլությունը»,-նշել է բժշկուհին` ավելացնելով, որ երբեք իր գաղափարախոսությունը եւ փորձը չի պարտադրել մարդկանց. «Ճամբարից հեռանալով` բոլորը չէ, որ արմատապես փոխեցին իրենց կենսակերպը: Բայց համոզված եմ` լեռնային բնության մեջ ձեռք բերված գիտելիքները բարերար ազդեցություն են թողել նրանց ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր մարմնի վրա:
Արեւմուտքի եւ Ճապոնիայի զարգացման փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից քաղաքակրթությունը գործնականում զուրկ է հոգեւոր պոտենցիալից: Միակ բանը, որ քաղաքակրթությունը կարող է տալ մարդուն, դա նյութական բարեկեցության բավականին բարձր մակարդակն է: Բարոյական բնույթի եւ ոչ մի հարց քաղաքակրթությունը դեռ չի լուծել, ավելին` դրանք գնալով բարդացել են. հանցագործությունը, թմրամոլությունը, ալկոհոլիզմը, սեռական սանձարձակությունը անասելի չափերի են հասել»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2017