Ըստ Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանի` «Հայաստանն իրեն պահում է քաղաքական եւ տնտեսական «սոցիոպատի» պես, որը վախենում է գրեթե ցանկացած լուրջ քայլից, հեռահար ծրագրերից, հարեւաններից»:
– Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերին՝ մինչեւ Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, ասում են՝ տեխնիկական հարցեր են մնացել համաձայնեցնել: Պարոն Մելիքյան, թեեւ պարզ է, որ նոր փաստաթուղթը կզիջի ԵՄ Ասոցացման համաձայնագրին, բայց հնչում են նաեւ տեսակետներ, որ դա պակաս կարեւոր ու լուրջ փաստաթուղթ չի լինելու: Հետեւաբար կարո՞ղ են անակնկալներ լինել վերջին պահին, օրինակ՝ պարզվի, որ Մոսկվային դուր չի գալիս այն, եւ Հայաստանը նորից հրաժարվի ստորագրումից:
– Նախ՝ շատ քիչ մարդ է ծանոթ բուն տեքստին, ուստի բովանդակային մասով քննարկումները շատ քիչ արդյունք կարող են տալ: Հաշվի առնելով տարբեր փորձագետների, քաղաքական եւ պետական գործիչների հետ հանդիպումները եւ քննարկումները՝ կարելի է եզրակացնել, որ նոր փաստաթուղթը հաշվի է առնում ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության եւ դրանից բխող սահմանափակումների հանգամանքը, եւ դրա վրա էր, որ բանակցող կողմերն աշխատեցին մոտ 2 տարի, այսինքն՝ ադապտացրին համաձայնագրի տեքստն այն նոր իրողության հետ, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է: Ըստ այդմ էլ, ենթադրվում է, որ նոր փաստաթուղթը կլինի սահմանափակ եւ ռազմավարական նշանակությամբ ավելի թույլ: Ընդունելով նաեւ իր որոշ ռազմավարական սխալները՝ ԵՄ-ն ընդառաջ գնաց Հայաստանին՝ արդեն ավելի հստակ գիտակցելով, որ Հայաստանը եղել եւ շարունակում է մնալ Ռուսաստանի անմիջական ազդեցության տակ, եւ աշխարհաքաղաքական, անգամ ներքաղաքական հարցերը, ցավոք, համաձայնեցվում են վերջինիս հետ՝ չտալով անկաշկանդ գործելու եւ որոշումներ կայացնելու արդյունավետ ազատություն: Իսկ 2013-ին, մինչեւ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին եւ ուկրաինական ճգնաժամը, ստեղծվել էր մի իրավիճակ, որտեղ ԵՄ-ն դեռ թերագնահատում էր Ռուսաստանի աշխարհաքաղաքական հավակնությունների աստիճանը, իսկ Սերժ Սարգսյանը զգում էր վերահաս այն պատուհասը Ռուսաստանի կողմից, որը կարող էր բացվել իր եւ Հայաստանի առջեւ ԵՄ ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու դեպքում: Եվ այս պարտադրված սահմանափակումների եւ ԵԱՏՄ անդամակցության արդեն կայացած փաստն է, որ այժմ թույլ է տալիս Մոսկվային ավելի հանգիստ նայել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մանավանդ, որ Մոսկվան աստիճանաբար ավելացնում է փափուկ ուժի կիրառումը տարածաշրջանում եւ մասնավորապես՝ Հայաստանում՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի ազդեցությունը նվազեցնելու համար: Նաեւ՝ առանց այդ էլ իմիջային խնդիրներ ունեցող Հայաստանը կհայտնվի ծանր կացության մեջ, եթե այս անգամ եւս հրաժարվի ստորագրումից:
– Հայաստանը Հարավային Կովկասի միակ երկիրն էր, որտեղ գործում էր ԵԱՀԿ գրասենյակը։ 2015-ին փակվեց Բաքվի գրասենյակը, Վրաստանում ԵԱՀԿ առաքելության մանդատը ավարտվեց 2008թ. դեկտեմբերին` ռուս-վրացական պատերազմից ամիսներ անց՝ ռուսական կողմի պահանջով։ Ադրբեջանն էլ խոչընդոտեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին գրասենյակի բյուջեի հաստատմանը՝ անհնարին դարձնելով երեւանյան գրասենյակի հետագա գործունեությունը: Պարոն Մելիքյան, ի՞նչ ազդեցություն ունեցավ այս քայլը Հայաստանի վրա, եւ շատ են հնչում տեսակետներ, որ այս քայլը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ ՌԴ-ի շահերից էր բխում, այդպե՞ս է:
– Ցանկացած առիթ եւ հանգամանք, որ կարող է նվազեցնել Արեւմուտքի ազդեցությունը մեր տարածաշրջանում, բխում է Ռուսաստանի շահերից, ինչպես եւ հակառակը՝ Արեւմուտքի համար: ԵԱՀԿ գրասենյակների փակումը հարավկովկասյան երեք մայրաքաղաքներում վատ նախադեպ է նորանկախ այդ պետությունների հետագա զարգացման եւ ժողովրդավարական գործընթացների համար: Բաքուն օգտվեց ԵԱՀԿ-ում «վետոյի» իր իրավունքից՝ Երեւանի դեմ, ինչպես Ռուսաստանը՝ Վրաստանի դեմ 2008-ին, ինչպես Վրաստանը՝ Ռուսաստանի դեմ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունում մինչեւ 2012թ. եւ այլն: Քաղաքական այս «մանկապարտեզը» խոսում է հետխորհրդային տարածքի մի շարք երկրների քաղաքական վերնախավերի ինֆանտիլիզմի եւ բարդույթների մասին: Մյուս կողմից էլ՝ այնպես չէ, որ Հայաստանի քաղաքական վերնախավը շատ դժգոհ է ԵԱՀԿ գրասենյակի փակման համար: Իրենց եւ այլոց համար խնդիրը, թերեւս, այն է, որ այն փակվել է Ադրբեջանի միջնորդությամբ: Հայաստանը վաղուց արդեն ժողովրդավարական գործընթացների դրոշակակիր չէ, ծանր չի տանում արեւմտյան կառույցների հետ աշխատանքում առկա խնդիրները, իսկ իշխող քաղաքական ուժը փորձում է հիմնականում լուծել իշխանության վերարտադրության հարցը: Քաղաքական դաշտում, փորձագիտական համայնքում եւ մեդիադաշտում եւս քիչ չեն մարդիկ, ովքեր ցանկանում են օր առաջ տեսնել եվրոպական կազմակերպությունների աշխատանքի դադարեցումը կամ նվազումը՝ երկարաժամկետ կտրվածքով այն համարելով կործանարար կամ ոչ հայանպաստ: Վստահ չեմ, որ եթե գրասենյակի փակման պատճառը լիներ ոչ թե Բաքվի «վետոն», այլ մեկ այլ հանգամանք, այստեղ ընդհանրապես դրա մասին կխոսեին կամ կանհանգստանային:
– ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովը Թբիլիսիում մայիսի 26-29-ը կայացած գարնանային նստաշրջանում ընդունեց հռչակագիր «Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրմանն աջակցելու մասին», որում նշվեց, որ ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում, Վեհաժողովը քննադատեց ՌԴ-ի կողմից Աբխազիայի, Հարավային Օսիայի անթույլատրելի բռնազավթումը, հայտարարեցին, որ ՌԴ-ի կողմից «սողացող բռնազավթումն անթույլատրելի է»: Արեւմուտք-Ռուսաստան սրված հարաբերությունները ինչպիսի՞ անդրադարձ կունենան ՌԴ-ի` Հարավային Կովկասի երկրների հետ փոխհարաբերություններում:
– ՆԱՏՕ-ն շարունակելու է ճնշել Ռուսաստանին կամ սահմանափակել ՌԴ-ի ազդեցությունը մի շարք հարցերում, այդ թվում եւ՝ Վրաստանի: Մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը կարողացել է դնել որոշակի կարմիր գծեր, որոնք գոնե այս պահին չեն խախտվում Արեւմուտքի կողմից: Խոսքն, օրինակ, ՆԱՏՕ-ին Վրաստանի եւ Ուկրաինայի անդամակցության մասին է: Դրան զուգահեռ՝ Արեւմուտքում եւ մասնավորապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջեւ սկսվել է այդ կառույցի դերի եւ նշանակության որոշակի վերաիմաստավորման փուլ, ինչպես նաեւ ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունների ճշտում, այդ թվում եւ՝ Ռուսաստանի մասով: Այս «խառը» փուլում Ռուսաստանը կարող է ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի որ հետո, երբ Արեւմուտքը հստակեցնի իր դիրքորոշումները մի շարք հարցերում, կարող է իր համար ուշ լինել: Հայաստանի մասով պետք է սպասել, որ ՌԴ-ն կփորձի մինչեւ 2018թ. վերջնական տեսքի բերել Հայաստանում ռուսական ուղղվածություն ունեցող քաղաքական որոշումներ կայացնողների խումբը, որպեսզի բացառի իր համար անցանկալի զարգացումները, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի մանդատը:
– ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը վերջերս նշել էր, որ միջնորդները կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել Երեւանի եւ Բաքվի հետ՝ միջազգային դիտորդների թիվը յոթով ավելացնելու մասին: Անցյալ տարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածություններից էր սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ընդունումը, պաշտոնական Երեւանն այն ընդունել է, իսկ պաշտոնական Բաքուն ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ այն նպատակահարմար չի համարում: Ի՞նչ եք կարծում՝ այս հարցը շարունակո՞ւմ է օրակարգային մնալ:
– Օրակարգային է հայկական կողմի համար, որն ուզում է ժամանակ ձգել ստատուս քվոյի պահպանման, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման մեջ անորոշ դիրքորոշումը պահելու համար: Ադրբեջանի համար այդօրինակ հարցերը երկկողմանի հանդիպումների ժամանակ քննարկման թեմա են, ոչ ավելին: Ադրբեջանը կարող է համաձայնել, այնուհետեւ հրաժարվել, հետո կրկին համաձայնել, եւ այդպես անվերջ: Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի հռետորաբանության պարբերաբար կոշտացումը եւ ավելի հանդուգն դառնալը պայմանավորված է Հայաստանի անվճռականությամբ, ամեն դետալ Ռուսաստանի հետ պայմանավորելու, իշխանության թույլ լեգիտիմության, ժողովրդավարական գործընթացների առկախման եւ այլ հանգամանքներով:
Նաեւ չի կարելի, որ արտաքին քաղաքականության եւ հակամարտության ընթացքի ողջ բեռն ընկնի սահմանը պահող զինվորի ուսերին, իսկ բանակցող կողմը, տվյալ պարագայում՝ Հայաստանը, Ադրբեջանի հետ ամեն մի դետալի շուրջ համաձայնության գալու կամ չգալու վրա ծախսի տարիներ, իսկ նպատակները եւ միջոցները վերածի ինքնանպատակի: Հասկանալի չէ, թե ինչ է բանակցում հայկական կողմն Ադրբեջանի հետ ավելի քան 20 տարի: Նույնիսկ եթե հետաքննության մեխանիզմներ կիրառվեն, դա որեւէ էական ազդեցություն չի ունենա բուն կարգավորման վրա: Ընդամենը Հայաստանում կավելանան քարոզչական բնույթի հռետորաբանությունը եւ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները, առավել եւս, որ միշտ էլ հայտնի է, թե հիմնականում որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը: Մինչդեռ այս տարածաշրջանին օր առաջ անհրաժեշտ է խաղաղություն եւ զարգացում:
– ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդը վերջերս նշել էր, թե Վաշինգտոնին անհրաժեշտ է ավելի ակտիվ ներգրավվել խաղաղ գործընթացում, որ ԱՄՆ նոր վարչակազմը դեռեւս նոր է մշակում իր արտաքին քաղաքական մոտեցումները, թիմը, եւ խորհուրդ էր տվել «փոքր-ինչ համբերատար» լինել: Թրամփի վարչակազմի կողմից մասնավորապես ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում առավել ակտիվություն կարելի՞ է ակնկալել, թե՞ Վաշինգտոնը համաձայն է կարգավորման գործընթացում նախաձեռնողական «ղեկը» թողնել Մոսկվայի ձեռքում:
– Ղեկն այսպես թե այնպես Մոսկվայի ձեռքում է, ում այն կամովին հանձնել է հայկական կողմը՝ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ տարբեր պատճառներով, ինչին էլ լուռ համաձայնել է Արեւմուտքը: Հայաստանը պետք է ցանկանա կրկին իր ձեռքը վերցնել այդ ղեկը եւ հանդես գալ որպես ինքնիշխան եւ ամբիցիոզ պետություն: Դրան հասնելու համար անհրաժեշտ են մի շարք համալիր գործողություններ ամենաառանցքային բնագավառներում՝ սկսած կրթությունից մինչեւ ռազմական գործ եւ արտաքին քաղաքականություն, ինչպես նաեւ գլխավոր գործող անձանց փոփոխություն քաղաքական վերնախավում, որպեսզի հնարավոր լինի արմատապես նոր մոտեցումներ կիրառել եւ առաջ քաշել ռազմավարական նշանակության նոր հայեցակարգեր: ԱՄՆ-ի համար ոչ միայն Հայաստանը, այլեւ Հարավային Կովկասը երբեք առաջնահերթություն չի եղել, իսկ ԱՄՆ-ի քաղաքականությունը կրել է ավելի արձագանքային եւ միջամտող բնույթ: Անգամ նավթառատ Ադրբեջանին եւ ԱՄՆ-ին «սեր խոստովանող» Վրաստանին չհաջողվեց ստիպել ԱՄՆ-ին փոխել իր ռազմավարությունը Հարավային Կովկասում:
Հայաստանն իրեն պահում է քաղաքական եւ տնտեսական «սոցիոպատի» պես, որը վախենում է գրեթե ցանկացած լուրջ քայլից, հեռահար ծրագրերից, հարեւաններից, տարբեր գաղափարախոսություններից: Հայաստանն այսօր չունի որեւէ իրական բարեկամ երկիր, մի կողմից՝ իր վախկոտության, մյուս կողմից՝ ադեկվատության բացակայության եւ սնապարծության պատճառով: Նաեւ՝ անտեղի դրսեւորում է չհիմնավորված ծայրահեղ զգուշավորություն ամեն ինչում, թեեւ, իհարկե, մենք շատ լավ հասկանում ենք ե՛ւ Հայաստանի սահմանափակումները, ե՛ւ վտանգները, ե՛ւ ռիսկերը: Սակայն ժամանակակից պետություն եւ ազգ դառնալու համար պետք է հաղթահարել եւ առերեսվել այդ մարտահրավերներին, հակառակ դեպքում ՀՀ քաղաքացիներն իրենց բարեկեցությունը կփնտրեն խոչընդոտները հաղթահարած երկրներում, ինչին եւ հիմա ականատես ենք լինում: Այսինքն՝ պետք են արմատական փոփոխություններ եւ ղեկը ձեռքում պահելու ունակություններ, հակառակ դեպքում՝ կլինի դա Ռուսաստանը, ԱՄՆ-ը, ԵՄ-ն կամ Չինաստանը, ի՞նչ կարեւոր է, թե ում ձեռքում է ղեկը, եթե դու ընդամենն ուղեւոր ես քո իսկ մեքենայում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.06.2017