Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Սահակյանը` Միքայել Մելքումյանին. «Ժամանակին ինքներդ փորձառու մասնավորեցնող էիք»

Հունիս 06,2017 16:33

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի» աղմուկ հանած նախագիծը: Խոսքը, ինչպես հայտնի է, 24 կազմակերպությունների մասնավորեցման մասին է:

Անդրադառնալով ծրագրին, մասնավորաբար դրանով առաջարկվող առողջապահական հիմնարկների մասնավորեցմանը, առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ասաց, որ նպատակն այդ կազմակերպությունների վիճակի լավացմանն է ուղղված: Ըստ նրա, եթե այս ծրագիրը կյանքի չկոչվի, կունենանք մի քիչ ավելի շատ շահույթ ապահովող կազմակերպություններ: Իսկ դրանց մասնավորեցման դեպքում, առողջապահության նախարարը խոստանում է, որ կունենանք տարածաշրջանում մրցունակ ծառայություններ:

Միաժամանակ, նախարարը հիշեցնում է` Հայաստանի բյուջեն սուղ է, կառավարությունն էլ իրեն շռայլություններ թույլ տալ չի կարող, բայց կան կազմակերպություններ, օրինակ՝ «օնկոլոգիական» հիվանդանոցը, որ եթե շուտափույթ չմասնավորեցնենք, հետո արդեն այնքան մաշված կլինի, որ մասնավորեցումն էլ չի փրկի:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից հետաքրքրվեց`մասնավորեցումից առաջ գոնե գիտե՞ն, կա՞ն ներդրողներ:

Արման Սահակյանը չմանրամասնեց, բայց ասաց` գոնե նախնական ժամանակահատվածում այդ կազմակերպությունները 6 տոկոսով շահութաբերություն պիտի ունենան, իրենք հետեւելու են սրան: Կառավարությունում արդեն հաշվարկել են եւ հույս ունեն` եթե այդ ցուցանիշներն իրական դառնան, ապա մոտ 45 միլիարդ մուտք կլինի բյուջե. «Եթե պետպատվերը հանում ես, տեսնում ես, որ տակը նորմալ կառավարիչ չկա: Մենք հետեւելու ենք այդ պրոցեսներին, որ նման խնդիրներ չառաջանան, չափորոշիչներ ենք դնելու, թե ինչպիսին պիտի կառավարիչը լինի»:

«Եթե այդ կազմակերպություններն իրենց գործունեության ոլորտը չեն փոխելու, ապա ինչո՞ւ եք դուք ակնկալում, որ շահույթ կլինի»,- արձագանքեց Սերգեյ Բագրատյանը: Կառավարության ներկայացուցիչները մնացին անդրդվելի`մասնավորը լավ կկառավարի:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն իր հերթին նկատեց`գոնե սրանով լուծվի մարզերի կադրային խնդիրը, որովհետեւ մարդիկ գալիս են Երեւան` ծննդաբերելու համար: Նրան եւս դուր չի գալիս այս կազմակերպությունների վաճառքը, մանավանդ, որ փաստացի ներդրողներ դեռ չկան:

«Խոսքն առաջարկի մասին է, ներդրողները կարող են իրենց բիզնես-պլանը կազմել ու գնահատել, ապա ներդրում անել»,- օրենսդիրներին փորձեց լուսավորել առողջապահության նախարարը:

«Եթե մասնավորեցվում է, պետք է հասկանանք`կա՞ն ինվեստորներ, գրավի՞չ է նրանց առաջարկները, թե` ոչ»,- արձագանքեց Մելքումյանը: Արման Սահակյանը հակադարձեց Միքայել Մելքումյանին`հիշեցնելով, որ ժամանակին ինքն էլ անշարժ գույքի «փորձառու մասնավորեցնող» է եղել եւ պետք է լավ իմանա` նման խնդիրները նախապես չեն լուծվում: «Իմ ժամանակ ուրիշ ժամանակներ էին, այն ժամանակ աշխույժ ժամանակներ էին»,- հումորի տվեց Միքայել Մելքումյանը:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն էլ հեգնեց կառավարության ներկայացուցիչներին. «Ստացվում է՝ փնտրո՞ւմ եք արդյունավետ սեփականատիրոջը, թե՝ էնքան որ մեզնից բրախե՞նք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Եթե պետական պաշտոնյաները համարում են, որ պետությունը վատ կառավարիչ է, ապա պետք է հրաժարվեն իրենց զբաղեցրած պաշտոններից:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930