Լույս է տեսել հայտնի թարգմանիչ Սամվել Մկրտչյանի՝ «Հայ Պոեզիայի անթոլոգիայի» առաջին հատորը։ Սամվելը երկհատորյակը պատրաստել էր տպագրության, սակայն չհասցրեց տեսնել տպագրված։
Սահակ Պարթեւ, Մեսրոպ Մաշտոց, Գրիգոր Պահլավունի, Գրիգոր Նարեկացի, Հովհաննես Իմաստասեր, Ղեւոնդ Ալիշան, Նաղաշ Հովնաթան, Սայաթ Նովա, Պետրոս Դուրյան, Սիամանթո, Վահան Տերյան, Դանիել Վարուժան, Կոստան Զարյան եւ մինչեւ մեր օրերի հայ պոետների բանաստեղծությունների երկհատոր ընտրանին Սամվելի վերջին նվերն էր ընթերցողին։ Գիրքը տպագրվել է Նաիրա Զոհրաբյանի եւ «Անտարես» հրատարակչության հովանավորությամբ։
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ «Սամվելը անսահման սիրով էր պատրաստում այս անթոլոգիան, որտեղ ոչ միայն իր, այլ նաեւ մեր մյուս շատ հայտնի եւ հետաքրքիր թարգմանիչների թարգմանություններն են, եւ ես վստահաբար կարող եմ ասել, որ այս երկհատորյակը հայ պոեզիայի ամենաընդգրկուն աստղաբույլն է, որ անգլերեն լեզվով ներկայացվում է ընթերցողին։ Ի դեպ, երկհատորյակի շապիկների նկարազարդումը եւս Սամվելինն է։ Այն, ինչ արեց Սամվելը, ես համարում է մտավորականի սխրանք՝ մեր օրերում հայ գրականության լավագույն գործերը աշխարհին ներկայացնելու եւ աշխարհի լավագույն ստեղծագործությունները հայ ընթերցողին նվիրելու համար։ Առաջիկա օրերին լույս կտեսնի նաեւ անթոլոգիայի երկրորդ հատորը եւ հայ պոեզիայի ամենափայլուն ընտրանին կդրվի աշխարհի ընթերցողի սեղանին»։
Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց նաեւ, որ «Անտարես» հրատարակչության հետ միասին կազմակերպելու են նաեւ երկհատորյակի շնորհանդեսը։