Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում երիտասարդ ընտանիքները լիարժեք և բազմակողմանի օժանդակության կարիք ունեն

Հունիս 05,2017 23:30

Բաց նամակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին  

Մեծարգո պարոն վարչապետ,

Ընտանիքը եղել է, կա և լինելու է ցանկացած ազգի ու պետության բնական ու հիմնական բջիջը, որպես ինքն իր կենսունակությունը ու վերարտադրումը ապահովող մարմին:

Ըստ Արիստոտելի, հասարակության հաջորդ բջիջը ընտանիքներին համախմբող համայնքն է, որի հիմնական խնդիրը ընտանիքների կենսագործունեությունը ապահովելն է: Երրորդը՝ համայնքները համախմբող պետությունն է, որի առաջնահերթ խնդիրը ընտանիքների խաղաղ գոյության և զարգացման պաշտպանությունն է:

Մեր օրերում իրավիճակը բավականին փոխվել է. Ընտանիքները իրենց խնդիրը լավագույնս կատարելու համար և′ համայնքների, և′ պետության անմիջական օժանդակության կարիքն ունեն: Մի հանգամանք, որն արդեն իսկ արձանագրված է օրենսդրորեն: Այսպես՝

-ՀՀ Սահմանադրության 16րդ հոդվածի համաձայն ընտանիքը, որպես հասարակության բնական և հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, ինչպես նաև մայրությունը և մանկությունը պետության հատուկ պաշտպանության և հովանավորության ներքո են:

-Հայաստանի կողմից վավերացված ‹‹Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագրի» 10րդ հոդվածի համաձայն սույն դաշնագրին մասնակցող պետությունները ընդունում են, որ ընտանիքին, որը հանդիսանում է հասարակության բնական և հիմնական բջիջը, պետք է ըստ հնարավորին տրամադրվեն ամենալայն պահպանություն և օգնություն, առանձնապես ընտանիքի կազմավորման ժամանակ և քանի դեռ ընտանիքի պատասխանատվության վրա է ընկած ոչ ինքնուրույն երեխաների ու նրանց դաստիարակության հոգսը:

-ՀՀ Ընտանեկան օրենսգրքի առաջին հոդվածի համաձայն ընտանիքը, մայրությունը, հայրությունը և մանկությունը Հայաստանի Հանրապետությունում հասարակության ու պետության հովանավորության և պաշտպանության ներքո են:

Ցավոք սրտի, ՀՀ կազմավորման առաջին իսկ օրվանից սկսած, ընտանիքը և, հատկապես երիտասարդ ընտանիքները, հեռու են եղել և′ հասարակության, և′ պետության անմիջական հովանավորությունից և պաշտպանությունից:

Ինչ խոսք, որոշ միջոցառումներ, այնուամենայնիվ, իրականացվում են.

  • երեխաների ծնունդի դեպքում ընտանիքներին տրվում է ֆինանսական որոշակի աջակցություն,
  • գործունեության որոշ ոլորտների՝ երիտասարդ ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիր է ընդունվել,
  • ֆինանսական վատ վիճակում գտնվող ընտանիքներին պետական նպաստներ են տրվում:

Սակայն, պարզից էլ պարզ է, որ վերոնշյալ միջոցառումները չեն կարող փոխարինել ընտանիքների նկատմամբ հասարակության ու պետության կողմից տարվող ամբողջական և ըստ փուլերի (ընտանիքների կազմավորում, երեխաների ծնունդ, երեխաների հասունացում և այլն) կառուցված քաղաքականությանը:

Արդյունքում, մենք ունենք գնալով ահագնացող ամուսնալուծությունների և կոնֆլիկտային ընտանիքների աճ ու երեխաների ծնունդների թվի կրճատում: Այսպես` օրինակ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների 1000 բնակչի հաշվով ամուսնալուծությունների թիվը 2005թ 0.8 գործակցի համեմատ 2014թ-ին հասել է 1.5-ի, 2015թ-ին՝ 1.2-ի:

Ավելին՝ ամուսնալուծությունների ընդհանուր քանակից առաջին իսկ տարում ամուսնալուծությունների թիվը 2005 թ. 3 %-ից 2015թ.-ին հասել է 6.9 %-ի: 1-4 տարում՝ ամուսնալուծությունների թիվը 14.5%-ից 2015թ –ին կազմել է 25.9%, 5-9 տարում՝ 16.5 %-ից հասել է 19.0 %-ի:

Ամուսնացողների միջին տարիքը 1990թ-ին տղամարդկանց համար 25.8-ից 2015թ-ին հասել է 29.5, կանանց համար՝ 22.8-ից նույն ժամանակահատվածում հասել է 26.9-ի:

Այս իրավիճակը ամենևին էլ միայն սոցիալ-տնտեսական վատ պայմանների արդյունքում չէ, որ ձևավորվել է՝ զարգացած երկրներում նշված խնդիրները ավելի քան առկա են:

Չկրկնելու համար եվրոպական շատ երկրներում առկա բնիկ բնակչության շրջանում ծնունդների կտրուկ ու անդառնալի նվազեցման դառը փորձը՝ հորդորում ենք Ձեզ կտրուկ փոխել Հայաստանում երիտասարդ ընտանիքների նկատմամբ տիրող անտարբերությունը, որի համար անհրաժեշտ է.

  • ձևավորել երիտասարդ ընտանիքների նկատմամբ պետական միասնական քաղաքականություն,
  • երիտասարդության շրջանում տարածել ընտանեկան կյանքի համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ,
  • ապահովել երիտասարդ ընտանիքներին ընտանեկան կյանքի համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական միջոցներով,
  • բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին օժանդակել այն ձեռք բերելու հարցում,
  • նպաստել երիտասարդ ամուսինների աշխատանք ձեռք բերելուն և/կամ ձեռնարկատիրությամբ զբաղվելուն,
  • օժանդակել ընտանիքներին կենցաղային, սոցիալական և կրթական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ձևավորմանը և ընդլայնմանը,
  • նպաստել ընտանեկան հանգստի և ժամանցի կազմակերպման ենթակառուցվածքների կայացմանը և զարգացմանը,
  • նպաստել երեխաների դաստիարակության և խնամքի հարցում ծնողներին անմիջական օգնություն ցուցաբերող գիտելիքների տարածմանը, ինչպես նաև նման կառույցների ձևավորմանը:

«Օժանդակենք երիտասարդ ընտանիքներին» ՀԿ

հիմնադրման նախաձեռնող խմբի համակարգող՝  Հովսեփ Պողոսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930