Լրահոս
Օրվա լրահոսը

Խարդախությամբ 200 հազար դոլար վերցնելու մեջ գյուղապետի կողմից մեղադրվող կնոջը այլ գործով դատի են տվել

Հունիս 05,2017 23:07

Հունիսի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում կայացավ Իջեւանի բնակիչ Նարա Ղազումյանի դեմ Արեւիկ Օհանյանի քաղաքացիական հայցով դատավարության նիստ: Իջեւանի բնակիչ Արեւիկ Օհանյանը դատարանին խնդրել է Ն. Ղազումյանից հօգուտ իրեն բռնագանձել 11 200 դոլարին համարժեք 4 677 600 դրամ գումար, նաեւ՝ իր տունը զբաղեցնելու համար եւ տունը մաքրած հավաքարարներին վճարված 530 հազար դրամ, ինչպես նաեւ՝ հաշվարկվող բանկային տոկոսների գումարը՝ սկսած 2012թ. հոկտեմբերի 3-ին մինչեւ մայր գումարը վերադարձնելու օրը:

Ա. Օհանյանը մեզ հայտնեց,որ Ն. Ղազումյանը 2012-2013թթ. հանդես է եկել, որպես «Առողջության պահպանման հյուսիսային հիմնադրամի» Տավուշի մարզային համակարգող, այդ հիմնարկն իբր պետք է տարբեր բուժհիմնարկներ նորոգեր,այլ ծրագրեր իրականացներ: Ա. Օհանյանի վկայությամբ՝ Ղազումյանն ասել է, որ շինարարական աշխատանքներ կատարելու համար պետք է իր հաշվեհամարին գումար լինի, եւ նրանից պարտքով մեծ գումարներ է վերցրել, նաեւ Ա. Օհանյանին պատկանող խանութից է գումարներ վերցրել, խոստացել է Ա. Օհանյանին նշված կազմակերպությունում, ամսական 200 հազար դրամ աշխատավարձով, որպես իր օգնական, գործի ընդունել, վերջինիս որդուն, որպես վարորդ, ամսական 500 դոլարով գործի ընդունել:

Ղազումյանը ամսական 1500 դոլարով իբր վարձակալել է Ա. Օհանյանի առանձնատունը, այնտեղ 2 մահճակալ, 4 աթոռ տեղադրել, սակայն վարձավճար չի տվել: Արեւիկ Օհանյանի դիմումի հիման վրա 2013թ. հոկտեմբերի 16-ին հարուցվել է քրեական գործ, Ն. Ղազումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2014թ. մայիսի 15-ին վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու եւ Ն. Ղազումյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Ա.Օհանյանը բողոքարկել է այդ որոշումը, սակայն՝ ապարդյուն:

Ա. Օհանյանը մեզ ասաց, որ այդ քրեական գործի քննությունը ճիշտ ձեւով չի կատարվել, խարդախությանը, բացի Ն. Ղազումյանից, մասնակից է եղել նաեւ 2 այլ անձ, այդ գործի վերաբերյալ ձայնասկավառակը պատշաճ ձեւով չի զննվել:

Քրեական գործի վարույթը կարճվելուց հետո Ա. Օհանյանը քաղաքացիական հայցով դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում այդ դատը մեկնարկել է 2015թ. հոկտեմբերի 13-ին , այն նախկինում 2 այլ դատավորներ են վարել: Հունիսի 5-ին կայացավ նախնական դատական նիստ: Նարա Ղազումյանը ներկա չէր: Նա դատարան գրություն էր ուղարկել, որ ինքը մեկ այլ քաղաքացիական գործով այդ օրը նիստի է մասնակցում, չի կարող ներկա լինել, խնդրել էր նիստ չկայացնել:

Ա. Օհանյանի ներկայացուցիչ, փաստաբան Վարդան Զուռնաչյանը դատավորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դատական այլ նիստի Ն. Ղազումյանի մասնակցության վերաբերյալ ծանուցագիր այդ գրությանը կցված չէ: Դատավոր Սիմա Իսկանդարյանը Ն. Ղազումյանի բացակայությունը համարեց անհարգելի, նիստը կայացավ Ղազումյանի եւ նրա ներկայացուցչի բացակայությամբ: Դատավորը փաստաբան Վ. Զուռնաչյանին պարզաբանեց, որ հայցում նշված փաստերի ապացուցման պարտականությունը դրված է նրա վրա:

Դատարանը նախնական նիստերից անցավ դատաքննության փուլ: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 7-ին:

Հավելենք, որ 36-ամյա Նարա Ղազումյանը այն կինն է,ում Բերդի տարածաշրջանի համայնքներից մեկի ղեկավարը մեղադրում է իրենից խարդախությամբ 200 հազար դոլար վերցնելու մեջ: Նախկինում հայտնել ենք,որ այդ դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասով: Տավուշի մարզի դատախազի տեղակալ Հայկուշ Բաղդասարյանից տեղեկացանք, որ այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»):

Այդ հոդվածը նախատեսում է 4-8 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Սակայն Ն. Ղազումյանին այդ գործով որեւէ կարգավիճակ տրված չէ, նրա նկատմամբ ընտրված չէ խափանման միջոց:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930