Քաղաքագետ Արմեն Բադալյանի համոզմամբ, քանի դեռ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ Ղարաբաղի հարցը լուծելու վերաբերյալ հաշտություն չի կնքվել, պատերազմին միշտ էլ պետք է սպասել. «Անկախ ճգնաժամային, թե հակաճգնաժամային այլ կառույցներն ինչ գնահատական կտան»:
Հիշեցնենք, որ Միջազգային ճգնաժամային խումբն օրեր առաջ զեկույց էր հրապարակել՝ նշելով, որ Արցախի գլխին պատերազմի ամպեր են կուտակվում:
Արմեն Բադալյանից հետաքրքրվեցինք՝ համամի՞տ է փորձագետների տեսակետներին, թե ԼՂՀ հակամարտության հարցը համանախագահների կողմից անուշադրության է մատնվել ու, այսպես ասած, «որբացել». «Բացարձակ անուշադրության մատնված չէ…Ղարաբաղի մասին քիչ է խոսվում, բայց դա բնավ չի նշանակում, որ այդ հարցն անուշադրության է մատնված, դա Ադրբեջանն էլ թույլ չի տա, վերջին ժամանակահատվածում բավականին լարվել է իրավիճակը սահմանում, իսկ առաջիկայում պետք է լինի G 20 –ի հավաքը, Ադրբեջանն ուզում է հիշեցնել, որ այս խնդիրը լուծված չէ ու այս հարցին պետք է ուշադրություն դարձնել»:
Արմեն Բադալյանը չի կարծում, որ Հայաստանը պետք է հարձակվողական կողմ լինի.
«Նրանք, որոնք ասում են՝ պետք է հարձակվենք, ռազմական գործողությունները պետք է վերսկսեն, լավ կլինի, թող իրենց զավակներին ուղարկեն առաջին գիծ, որ հարձակվող առաջիններն իրենց զավակները լինեն, տեսնենք ՝ դրանից հետո այդ դիվանային գեներալները կխոսե՞ն նախահարձակ լինելու մասին… Ընդհանրապես պետք չէ հարձակվել, որովհետեւ կորուստներ են լինելու ու զոհվելու են շարքային երիտասարդները»:
Ըստ քաղաքագետի, ակտիվ պետք է լինել դիվանագիտական հարթությունում, իսկ ՀՀ-ն չունի այն տնտեսական ու քաղաքական կշիռը, որ ակտիվ գործունեություն ծավալի դիվանագիտական ճակատում. «ՀՀ իշխանությունները լրիվ ուրիշ խնդրով են զբաղված»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մեր կողմէ զինուորական յարձակման վարկածին դէմ այս մարդուն արտայայտած հիմնական կարծիքը ճիշդ է՝ այդ պարագային, վստահաբար շատ զոհեր պիտի ունենանք մեր բանակին մէջ:
Նոյն տրամաբանութեամբ սակայն, քանի որ տեսական մտորումներու մէջ ենք, պէտք է որ նկատի առնենք հետեւալը՝ ամենալաւատես մօտեցումով, եթէ դեռ տասը տարի շարունակուելու է այժմու վիճակը (երանի թէ միայն տասի տարիով վերջանայ…), ի՞նչ է լինելու այդ ընթացքում նահատակուող հայ զինուորների – եւ թերեւս նաեւ քաղաքացիների – գումարուած թիւը : Այդ թիւն է որ, աւելցնելով անցած տարիների զոհերի թիւին, պէտք է համեմատել ծայրագոյն յարձակման մը հաւանական զոհերի թիւին հետ, եթէ այդպիսի յարձակում մը պիտի հանգի – ի նպաստ մեզի – հիմնախնդրի լուծման :
Ամէն դէպքում, որեւէ երաշխիք չկայ այս մտային պարապմունքնեուն մէջ, որեւէ վարկածի կապակցութեամբ: Միակ ստոյգ իրականութիւնը՝ ռազմաճակատի վրայ զոհուող երեխաների անդադար բարձրացող թիւն է… Որ անհնար կը դարձնէ status quo-ն պահպանելը, առանց որեւէ այլ ծրագրի:
Իսկ այդ մօտեցումը թէ՝ հակառակ այս նիւթին, պէտք է որ երկիրը նորմալ դառնայ, լիովին անտրամաբանական է: Դա պարզապէս անհնար բան է: Ամէն բան էականօրէն կախեալ է այս նիւթից: Ըստ այնմ պէտք է առնուին վերին որոշումները…