Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԼՂՀ հարցում Հայաստանի դիրքորոշումը շատ ռացիոնալ է. ստատուս-քվոյի փոփոխություն չի կարող լինել՝ առանց կարգավիճակի հստակեցման»

Հունիս 05,2017 20:50

«ԼՂՀ հարցի կարգավորումից հիմա շատ ավելի հեռու ենք: Բայց դա նշանակում է, որ ավելի ակտիվ պետք է բանակցել։ Այսօր Հայաստանի դիրքորոշումը շատ ռացիոնալ է։ Ստատուս-քվոյի փոփոխություն չի կարող լինել՝ առանց կարգավիճակի հստակեցման»,- այս մասին այսօր Երեւանի մամուլի ակումբի եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած «Միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական մեդիայի միջոցով» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը`պատասխանելով Aravot.am-ի հարցին:

Հայաստանի դիրքորոշումը բանախոսի կարծիքով, նշանակում է, որ պետք է խաղաղության պայմանագիր լինի, այլ ոչ թե միջանկյալ բանաձև. «Ես այդ դիրքորոշումը համարում եմ խիստ ռացիոնալ. աշխարհաքաղաքական այս անորոշ իրավիճակում ոչ մի միջանկյալ փաստաթուղթ չի կարող գործել, որովհետև չկա երաշխավորը։ Իրականում, Ադրբեջանն անընդհատ տորպեդահարում է բանակցությունները՝ հաշվի առնելով ներքին իրավիճակը, որը շատ ավելի լուրջ է, քան ներկայացվում է»։

Սա եվս, ըստ նրա փաստում է այն, որ բանակցային գործընթացում շատ ավելի ակտիվ պետք է լինենք: Իսկ դա, ըստ վերլուծաբանի, հետեւյալն է`կան մի շարք առաջարկներ, որոնք Հայաստանը կարող է կատարել, Ադրբեջանը թող մերժի: Մյուս կողմից, ԼՂՀ հարցում այս անորոշությունը ՌԴ-ի համար հնարավորություն է ԱՄՆ-ի հետ քայլեր համաձայնեցնել, քանի որ ՌԴ-ի քաղաքականությունը, ըստ նրա, մեղմ ասած, մնում է անկանխատեսելի. «Այս անորոշությունը կարծես զսպում է բոլորին, բայց շատ հնարավոր է Վաշինգտոնի կամ ՌԴ-ի ներքին իրավիճակը ստիպի անկանխատեսելի քայլերի ու գործողությունների գնալ»:

Իրականում, Դավիթ Շահնազարյանի համոզմամբ, ԼՂՀ հարցում ստատուս-քվոյի փոփոխություն չի կարող լինել առանց կարգավիճակի հստակեցման. «Առանց դրա, ստատուս քվոյի փոփոխությունները շատ ավելի մեծ սպառնալիքներ է բերելու: Ասում են, թե`ոչ, բայց համանախագահ երկրները կարծես կիսում են այս դիրքորոշումը:

ԼՂ հարցում ակտիվություն ցուցաբերել ասելով, վերլուծաբանը նկատի ունի նաեւ այն, որ հայկական կողմը չպետք է թույլ տա, որ համանախագահներից որեւէ մեկը գերիշխող դեր ստանձնի, ինչպես հիմա անում է ՌԴ-ն, ինչպես ժամանակին արեց ԱՄՆ-ը եւ տխրահռչակ Քի-Ուեսթյան համաձայնագիրը ձեռք բերվեց:

Նաեւ, նա բավարար չի համարում այն քայլերը, որոնք ՀՀ իշխանություններն անում են՝ իրենց իսկ հռչակած քաղաքականությունն իրագործելու համար. այն է`Արցախը պետք է լինի հակամարտության եւ կարգավորման կողմ. «Այստեղ հսկայական ռեզերվներ կան, որոնք թե Հայաստանը, թե Սփյուռքը պետք է օգտագործեն»։

Անցած տարվա ապրիլյան պատերազմից հետո, Դավիթ Շահնազարյանն էլ մի քանի անգամ եղել է առաջնագծում: Ասում է` իրավիճակն էականորեն եւ շահեկանորեն տարբեր է. «Ամեն քառակուսի մետրը հիմա էլեկտրոնային հսկողության տակ է։ Նախորդ տարվա ապրիլին կարող էինք միայն երազել այդ մասին: Բայց դա էլ բավարար չէ: Պետք է կտրուկ քայլեր անել, շատ ավելի ակտիվ մասնակցել բանակցային գործընթացին: Հայաստանի ունեցած դիրքորոշումից բխող քայլեր են հիմա քննարկվում բանակցային գործընթացում»։

Վերլուծաբանին դուր չի գալիս հայկական դիվանագիտության կեցվածքը. «Շատերը փորձում են բոլորին սև ու սպիտակ ասել, այսինքն՝ սա մեր թշնամին է, սա մեր բարեկամն է, բայց նման բան չկա։ Պետք չէ պիտակավորել։ Օրինակ, Իսրայելի հետ պետք է շատ ակտիվ աշխատել, ոչ թե համարել, որ նրանք Ադրբեջանի գործընկերներն են: Հսկայական աշխատանք կա կատարելու Ուկրաինայի հետ, թեև պարզ է, որ նա Ադրբեջանի հետ ընդհանուր շահեր ունի։ Վրաստանի հետ հարաբերությունները. ամեն անգամ բարձր մակարդակներով հանդիպումներից հետո ի՞նչ ենք լսում, որ անլուծելի խնդիրներ չկան, և կա շատ մեծ պոտենցիալ։ Այդ պոտենցիալը ե՞րբ է սկսելու իրականություն դառնալ։ Կամ՝ Թուրքիայի հետ հարաբերությունները. պատահական չէ, որ ԵՄ-ն վերջերս սկսել է չափազանց ակտիվ Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների հարց դնել, որ մինչ այդ ընդունված էր, թե ԱՄՆ-ն է դրանով զբաղվում։ ԵՄ-ի հետ Հայաստանի պայմանագիրն էլ բավական լուրջ փաստաթուղթ է, և ես կհամարեմ արտաքին քաղաքականության շատ լուրջ հաջողություն, եթե այն ստորագրվի»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930