ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի նախագահ Ջոն Բերքոուին եւ Լորդերի պալատի նախագահ լորդ Ֆոուլերին: Ցավակցական ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
խոր ցավով տեղեկացանք Լոնդոնում տեղի ունեցած դաժան ահաբեկչական հարձակման մասին, որի հետեւանքով զոհվեցին ու վիրավորվեցին անմեղ մարդիկ:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունները, զորակցության եւ կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին եւ զոհվածների հարազատներին` մաղթելով ոգու ամրություն եւ համբերություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում:
Խստագույնս դատապարտում ենք անհանդուրժողականության եւ ատելության վրա հիմնված ծայրահեղ դրսեւորումները: Մեր համախմբված ջանքերը պետք է ուղղված լինեն պայքարելու այս սոսկալի երեւույթի դեմ:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»: