Սյունիքի մարզում 2016 թվականի փետրվարի 14-ին 8 բնակավայրեր ընդգրկող Տաթև բազմաբնակավայր համայնքում տեղական ինքնակառավարման ընտրությունների արդյունքում հաղթեց հանրապետական Մուրադ Սիմոնյանը:
Aravot.am-ը Գորիսի մամուլի ակումբի ծրագրերի համակարգող Շուշան Օհանյանին խնդրեց ներկայացնել խոշորացումից մոտավորապես 1,5 տարի հետո բազմաբնակավայր համայնքի խնդիրները, արդյոք ինչ-որ փոփոխություններ կատարվե՞լ են, նա պատասխանեց. «Եթե ենթադրվում էր, որ խոշորացումից հետո ավելի մասնակցային պիտի լինի, ավելի շատ պիտի ներգրավեն, հիմա հակառակն է: Եթե այն ժամանակ Սվարանցի կամ Տանձատափի կամ Հարժիսի բնակիչը իր համայնքում կարողանում էր ավագանու նիստին գնար մասնակցեր կամ քննարկման մասնակցեր, հիմա իրական չի. ճանապարհները այն չեն, որ Տանձատափից կամ Սվարանցից հասնեն Շինուհայր մի քննարկման մասնակցելու կամ իրազեկվել, տեղեկանալու համար»:
Նա որպես օրինակ բերեց USAID-ի կողմից կատարված ներդրումը, երբ Գորիսի մամուլի ակումբը համայնքներում հարցում է իրականացրել՝ պարզվել է, որ քչերը գիտեն, թե ով է կատարել ներդրումը. «Համայնքապետարանի աշխատողներն են տեղյակ, առնչվող մարդիկ են տեղյակ: Մարդ կա՝ ասում է Բարգավաճն է տվել այդ տեխնիկան, մարդ կա ասում է՝ Սուրիկի տրակտորներն են: Ես չեմ էլ մեղադրում այդ մարդկանց: Եվ երբ այդ ներդրումը կատարվել էր ես՝ որպես լրագրող, Շինուհայր էի գնացել, հանրային քննարկման էի մասնակցում, որ իբր պիտի հանրային քննարկման միջոցով առաջնահերթություններ որոշվեին: Ով կանգնեց, ինչ առաջարկ արեց, ասացին՝ հնարավոր չէ, այսպես է որոշված: Այսինքն՝ համայնքում մեծամասամբ խնդիրը այն է, որ այդ քննարկումներին բնակիչները մասնակից չեն եղել»:
Շուշան Օհանյանը կարծում է, որ մարդիկ բացասաբար են վերաբերվում, քանի որ իրենց չեն բացատրել, թե խոշորացումն ինչ է. «Այսինքն՝ չեն բացատրել, որ Մշակույթի շենքը, որը հարյուր տարի է՝ չի գործում, ռեալ չէ, որ կգործի, կամ ճանապարհը, որ հարյուր տարի է՝ քանդված է, ռեալ չէ, որ մի տարում կկառուցվի: Որպեսզի մարդիկ դրական վերաբերվեն ավելորդ խոստումներ են տվել, տրամադրվածություններ են ստեղծել, և այսօր իրենք իրենց տված խոստումների պատճառով կանգնել են ինչ-որ փաստի առաջ»:
Նա ընդգծեց, որ համայնքներում պատկերը գրեթե չի փոխվել, և հավելեց, որ երբևէ չի լսել, որ խոշորացված համայնքի բնակիչները բողոքեն փաստաթղթերի տրամադրումից. բոլորը գոհ են. «Բայց եթե ենթադրվում էր, որ մարդիկ պետք է ավելի մոտենան, հիմա ավելի են իրարից հեռացել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ