Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննվեց սպանված Կարեն Վարդանյանի մորաքույրը. նա պատմեց Կարենի ֆեյսբուքյան վերջին կասկածելի գրառումների մասին

Հունիս 05,2017 19:11

Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատավարությունն էր: Հիշեցնենք, որ նա դաժանաբար սպանվել էր 2016-ին:

Դատարանում հարցաքննվեց Կարեն Վարդանյանի ազգականներից Մարինա Խաչատրյանը: Ամբաստանյալ Գեւորգ Զոհրաբյանը առարկեց վկայի հարցաքննությանը՝ ասելով, թե ինքը կապ չունի գործի հետ: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը առարկությունը չընդունեց:

Վկան պատմեց, որ Կարենն իրենց աչքի առաջ է մեծացել. «Մենք հաճախ չէինք շփվում, բայց հեռախոսով էինք խոսում, երբ մի հարց էր լինում՝ նա ինձ էր դիմում: Ինքը շատ ծանրաբեռնված էր աշխատում: Կարենը մարդկանց բաժանում էր երկու խմբի՝ զարգացած եւ ոչ զարգացած, մարդկանց դատում էր միայն գիտելիքով եւ ոչ զարգացածներին ասում՝ սիրողական մակարդակի անհուսալի տարրեր են, դրա համար ես չգիտեմ՝ ինչ կապ կարող էր լինել նրա եւ ամբաստանյալների միջեւ»:

Նա ասաց, որ մի օր Կարենի տունը ջուր է լցվել, երբ եկել է օգնելու, իմացել է, որ նա ապրում է Տաթեւիկ անունով աղջկա հետ, որը գրանցվել է իր տանը եւ համոզել է, որ տունը վաճառեն, մի հատ նորմալ տուն առնեն:

Ազգականի խոսքերով՝ «Կարենը ձեռը պինդ տղա էր, նա ոչ մեկին հենց այնպես 1000 դրամ էլ չէր տա: Ես չեմ պատկերացնում, որ նա ինչ-որ բաց սրտով մեկին մի բան նվիրեր»:

Մարտի 19-ին արդեն Կարենի հարեւանն է զանգել Մարինա Խաչատրյանին, ասել է, որ ինչ-որ մարդիկ գործիք են ուզում, որ փականը փոխեն: Նա ասել է, որ Կարենը իր տունը վաճառել է, գնացել է Դուբայ: Մորաքույրներով հավաքվել են եւ եկել են Կարենի տուն՝ իրավիճակը պարզելու, այստեղ էլ հանդիպել են Գեւորգին: Գեւորգը նեղսրտել է, թե՝ բա որ մորաքույրեր ուներ, մենք ինչի՞ չգիտենք: Ըստ Մարինա Խաչատրյանի, երբ հարցուփորձ են արել Կարենից, Գեւորգը իրարամերժ պատասխաններ է տվել ու արդեն սկսել են կասկածել. «Հասկանում էինք, որ էս մարդը սուտ է խոսում, կասկած առաջացավ: Նա պատմեց, թե Կարենը գնացել է Դուբայ, բնակարանը նվիրել է իրեն՝ վախենալով, որ պարտքերը չի տա: Մեզ ցույց տվեց կադաստրային ինչ-որ մի էջ, որտեղ նշված էր, թե գնորդ կա այդ տան, բրոքեր Էդգարի միջոցով է առել եւ այլն: Ես զգացի, որ ինչ-որ մի բան էն չի»:

Գեւորգը պատմել է, թե List.am-ում են որոշել վաճառել Կարեն Վարդանյանի տունը, անընդհատ գումարն իջեցրել են ու 37 հազարով վաճառել: Թե գումարը որտեղ է նա պատասխանել է, որ որոշել ենք Կարենի հետ բիզնես դնենք, վարկ վերցնենք բանկից: Գնացել եմ Դուբայ, բերել եմ ապրանք. «Հարցրինք ՝ո՞ւր է ապրանքը, բա՝ իմ մոտ պահեստավորված ա: Թե բա էդ գումարի դիմաց Կարենին 5000 եմ տվել մի անգամ, մի անգամ 20 հազար եմ տվել»: Արդեն իսկ բարեկամների համար խիստ տարօրինակ է եղել՝ Կարենն ուր, բիզնես անելն ուր, նա առեւտրից շատ հեռու է եղել:

Ավելի ուշ Կարենի ընկերուհին՝ Տաթեւիկը նույնպես իր մտահոգությունն է հայտնել Մարինա Խաչատրյանին: Նա ցույց է տվել Կարենի վերջին ֆեյսբուքյան կասկածելի գրառումները, որտեղ լատինատառ հայերենով է գրած եղել: Տաթեւիկն ասել է՝ տիկին Մարինա, դուք հավատո՞ւմ եք, որ Կարենը կարող է նման անգրագետ բան գրել, նրա համար գրագիտությունը ամենակարեւոր բանն էր:

Բոլոր բարեկամներն արդեն խառնվել են իրար, որ Կարենի հետ ինչ-որ դեպք է պատահել:

Մեղադրող դատախազը հարցրեց՝ ապառիկով վերցրած հեռախոսի մասին տեղյա՞կ եք, նա պատասխանեց, որ իմացել է՝ 70 հազարով հեռախոս են վերցրել Օրանժ գրասենյակից՝ Կարենի մոր անունով: Գեւորգն ասել է, թե այդ հեռախոսի գումարի վրա տոկոսներ են ավելացել ու դարձել է 300 հազարի կարգի գումար: Իբր Կարենը իրեն խնդրել է փրկի, բնակարանը կալանքի տակ չհայտնվի:

Դատավորը հարցրեց՝ նվիրատվությամբ հնարավո՞ր էր, որ Կարեն Վարդանյանը բնակարանը տար՝ մորաքույրը պատասխանեց՝ Կարենը շատ զգույշ տղա էր, հնարավոր չէր նման բան: Նա հիշեց մի դեպք, որ ծանոթներից մեկին մի ապարատ որոշ ժամանակով տալու համար հազար ու մի թուղթ էր Կարենը ստորագրել տվել, ձեւակերպել պայմանները եւ այլն, ուստի հենց այնպես տունը նվիրատվություն անելը իր հետ անհամատեղելի են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930