Այսօր Վարչական դատարանը որոշեց մերժել Գոհար Սարգսյանի պահանջն՝ ընդդեմ ոստիկանության:
Հիշեցնենք, որ բանակում խաղաղ պայմաններում զոհված Տիգրան Օհանջանյանի մայրը վարչական դատարանից պահանջում էր ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները, ինչի հետևանքով որդեկորույս ծնողներին թույլ չէր տրվել նախագահական նստավայրի մայթին բողոքի ակցիաներ անցկացնել:
Դատարանի որոշումը հրապարակելուց հետո Aravot.am-ի հետ զրույցում Գոհար Սարգսյանի փաստաբան Ռոբերտ Ռեւազյանն ասաց. «Մեր ներկայացրածի վերաբերյալ հակափաստարկ չկար, թե ինչու իրենք իրավունք չունեին այդտեղ հավաք անցկացնել: Մինչ այդ իրենք հավաք արել են, դրանից հետո հավաք արել են, այսինքն՝ երբ ուզենք կթողնենք, երբ ուզենք՝ չե՞նք թողնի, դա կամայականություն է, որը չի տեղավորվում իրավական պետության իրավական հասկացության մեջ: Բողոքի ցույցը եղել է Բաղրամյան 26-ի մոտ եւ բողոքն ուղղված է եղել հենց նախագահին, բայց դատարանները դեռ չունեն այն անկախությունը, ինքնուրույնությունը, որ համարձակ կայացնեն իրենց դատական ակտերը՝ անկախ նրանից, թե մյուս կողմն ով է լինելու: Կարծում եմ, դատավորի ներքին համոզումը եւ իր հրապարակած որոշումը հակասել է ինքն իրեն, դա արդեն դատարանի խղճի վրա է»:
Մեր հարցին՝ լսել են Բաղրամյան 26-ի անունը եւ վախեցե՞լ են՝ Ռեւազյանը պատասխանեց. «Հենց խնդիրը դա է, որ դատարաններն անկախ չեն, իրենց վերահսկում են: Իրենց նշանակում է նախագահը, վերջնական որոշում կայացնողը էլի ՀՀ նախագահն է, ինքն է հաստատում դատավորի թեկնածությունը, առաջխաղացման ցուցակներն է ինքը հաստատում: Ըստ էության, հանգում ենք նրան, որ մենք բողոքում ենք մի մարմին այն մարմնից, որը համակարգողը կամ կարգավորողը նույն անձն է»:
Թե ինչ են պատրաստվում անել այս որոշումից հետո՝ Ռոբերտ Ռեւազյանը պատասխանեց. «մենք պետք է սպառենք բոլոր ներպետական միջոցները, դրանից հետո նաեւ այս խնդրով կդիմենք ամենայն հավանականությամբ ՄԻԵԴ»:
Փաստաբանը վստահեցրեց, որ նախագահականի առջեւ կանգնելու համար որեւէ օրենսդրական սահմանափակում չկա. «Նույնիսկ եթե օրենսդրորեն սահմանափակում լինի, դրա համար էլ է հիմնավորում պետք, թե ինչու է սահմանափակում: Հավաքների ազատության մասին օրենքով այդ սահմանափակումն էլ չկա, մանավանդ, որ իրենք որեւէ կերպ չեն խանգարել, հասարակական կարգ չեն խախտել»:՚
Այն, որ ոստիկանները սեւազգեստ մայրերին ասել են՝ դիմացի մայթ գնացեք եւ այնտեղից բողոքեք՝ ըստ փաստաբանի անընդունելի է. «Ո՞վ է որոշում, թե ես որտեղից պետք է արտահայտեմ իմ կարծիքը՝ այստե՞ղ, թե՞ այնտեղ: Կոնկրետ հավաքի համար այդ տեղը նշանակություն ունի: Չի կարող իմ բողոքը ուղղված լինի, ասենք, կառավարության ղեկավարին, բայց ես գնամ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մայթին կանգնեմ ու բողոքն արտահայտեմ: Նպատակն այն է, որ դու լինես լսելի այդ անձի համար, ում բողոքդ ուղղված է: Դիմացի մայթ նշանակում է հեռու պահենք, աչքից էլ հեռու, էլ իմաստը ո՞րն է հավաքի: Իմաստազրկվում է ամբողջ էությունը հավաքի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ