Այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փորձագետ Կարեն Վարդանյանի գործով դատավարությունն էր: Հիշեցնենք, որ նա դաժանաբար սպանվել էր 2016-ին:
Դատարանում պետք է հարցաքննվեր վկա Հայկ Թոփչյանը, սակայն նրան չէին գտել, ուստի հրապարակվեց նախաքննական մարմնին տված նրա ցուցմունքը:
Թոփչյանը բնակվել է Լենինգրադյան փողոցում՝ սպանված Կարեն Վարդանյանի բնակարանի մոտակայքում: Նա ցուցմունքում ներկայացրել է, թե ինչպես է իր մեքենայի դիմապակու վրա գտել Վիվասելի հեռախոսի քարտ: Այն դրել է հեռախոսի մեջ եւ տեսել, որ կատարված զանգեր չկան, մտել է հաղորդագրությունների բաժինը, որից հասկացել է, որ համարի տիրոջ անունը Կարեն է: Հաղորդագրություններում եղել է նաեւ նրա ֆեյսբուքի կոդը:
Հեռախոսահամարի եւ անունի միջոցով հետաքրքրվել է, փորձել է գտնել Կարենին, որ իր համարը տա: Հարցումներով էլ հանդիպել է ամբաստանյալներից մեկին՝ Գեւորգ Զոհրաբյանին: Գեւորգն ասել է, որ Կարենի քարտը տա իրեն, կփոխանցի, ասել է, իբր Կարենը քարտը կորցրել է, հիմա Դուբայում է: Հայկ Թոփչյանը չի հավատացել ու Գեւորգին այդ քարտը չի տվել:
Ավելի ուշ քարտի հետեւից է եկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Դանիել Իոաննիսյանը: Դանիելը Կարենի քարտը դրել է իր հեռախոսի մեջ, նրա ֆեյսբուքյան կոդով բացել Կարենի ֆեյսբուքյան էջը ու ասել, որ դիմել է ոստիկանություն, Կարենը կորած է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ