Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքը «Նիվա էֆեկտ» մակնիշի հացահատիկահավաք նոր կոմբայն է ձեռք բերել: Այդ նպատակով եռակողմ համագործակցության պայմանագիր է կնքվել Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանի, Հայ օգնության ֆոնդի եւ ՓՄՁ ԶԱԿ-ի միջեւ: Կոմբայնի ձեռք բերման համար Բերդ համայնքը ներդրել է 11 միլիոն 500 հազար դրամ, ՓՄՁ ԶԱԿ-ը՝ 9 միլիոն, ՀՕՖ-ը՝ 7 միլիոն դրամ: ՓՄՁ ԶԱԿ-ը ներդրումը կատարել է «Գյուղական համայնքների զարգացման պետական ծրագրի» շրջանակներում:
Բերդ քաղաքի փոխարեն 11 միլիոն 500 հազար դրամը ներդրել են հայտնի գործարարներ Միքայել եւ Կարեն Վարդանյանները՝ «Վարդանյանների ընտանիք» բարեգործական կազմակերպությունը:
Նոր կոմբայնից զատ Բերդ քաղաքն ունի նաեւ հին, սակայն աշխատունակ կոմբայն, որը անցյալ տարի հավաքել է Բերդ քաղաքի, նաեւ Բերդի տարածաշրջանի գյուղերի հացահատիկի արտերի բերքը: Նոր կոմբայնը եւս կաշխատի նաեւ տարածաշրջանի գյուղերում: Հացահատիկահավաք նոր կոմբայնի շնորհիվ սահմանամերձ Բերդի տարածաշրջանում հացահատիկի ցանքերը կավելանան:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ