Իրավունքի տեղեկատվական կենտրոնը զեկույց է հրապարակել զինծառայողներին իրավաբանական օգնության մատչելիության մասին: Aravot.am-ը խնդրեց Իրավունքների տեղեկատվական կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Մարատ Դադունցին ներկայացնել զեկույցը և դրա արդյունքները:
Նա նշեց, որ ժամկետային զինծառայողները իրավունք ունեն ստանալ անվճար իրավաբանական օգնություն, և քանի որ այդ անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվում է պետության հաշվին Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից առաջանում են խնդիրներ. «Օրինակ, Հանրային պաշտպանի գրասենյակը միայն Սյունիքում ունի 4 փաստաբան: 150 հազար բնակչություն ունեցող մարզում այդ չորս փաստաբանները անվճար բացառում եմ, որ կկարողանան լիարժեք իրականացնել իրենց՝ օրենքով սահմանված լիազորությունները և պարտականությունները: Եթե անգամ մեծ ցանկություն ունենան, դա ֆիզիկապես հնարավոր չէ»:
Մարատ Դադունցի խոսքերով՝ կա վիճակագրություն, որ վճարովի փաստաբանները շատ ավելի արդյունավետ են գործում, քան հանրային պաշտպանները: Զեկույցը հասարակական կազմակերպությունը ուղարկել է մի շարք մարմինների, ինչից հետո Հանրային պաշտպանի գրասենյակը Սյունիքի մարզի Մեղրի համայնքում ավելացրել է ևս մեկ հաստիք. «Ինչը ևս հարցի լուծում չէ: Հանրային պաշտպանի գրասենյակը պետական գումար է ստանում, դրա համար ինքը շահագրգռված չէ ամբողջությամբ իրականացնել իր լիազորությունները՝ միայն հանրային պաշտպան լինելով, որովհետև այդ քիչ գումարը չի բավականացնում իրեն՝ որպես որակյալ փաստաբան աշխատել»:
Հետաքրքրվեցինք, թե պարոն Դադունցի կարծիքով՝ քանի պաշտպան է հարկավոր Սյունիքի մարզին՝ նման խնդիրներից խուսափելու համար, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր 10 հազար բնակչին գոնե մեկ պաշտպան պետք է տրամադրել, 150 հազար բնակչություն ունենք գոնե 10-15 պաշտպան պետք է լինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ