Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ՀԲ զեկույցի, հակամարտություններն ու ահաբեկչությունները ներդրողների վստահությունը կորցնում են

Հունիս 05,2017 17:24

Համաշխարհային բանկը հրապարակել է «Գլոբալ տնտեսության հեռանկարները» զեկույցը, որտեղ ներկայացված են 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշները:

Ուսումնասիրությունը վերաբերում է եվրոպական եւ Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությանը:

Համաշխարհային բանկը Եվրոպական երկրների եւ Կենտրոնական Ասիայի երկրների համար կանխատեսում է 2.5% տնտեսական աճ, իսկ 2018-ին՝ մինչեւ 2.7%: ՀԲ-ն այս աճը պայմանավորում է հումք արտահանող երկրների տնտեսության վերականգնումով եւ աշխարհաքաղաքական ռիսկերի թուլացմամբ, ինչպես նաեւ խոշոր երկրների ներքաղաքական անորոշությամբ:

ՀԲ-ի զեկույցի համաձայն, այս տարվա առաջին կիսամյակում նշված երկրների տնտեսական աճի տեմպերը շարունակվում էին, տնտեսական աճն ապահովում էին հումքային ապրանքներ ե՛ւ ներմուծող, ե՛ւ արտահանող երկրները: Տնտեսական աճին նպաստել է նավթի գների բարձրացումն ու տնտեսական աճի կայունությունը եվրագոտում, ինչպես նաեւ այդ տարածաշրջանի խոշոր պետությունների քաղաքականությունը:

ՀԲ-ն նշում է, որ տնտեսական ցուցանիշները խոսում են այն մասին, որ Ռուսաստանում այս տարվա առաջին կիսամյակում տնտեսական ակտիվությունը կայունանում է: Ընդ որում, դրամավարկային քաղաքականության որոշակի մեղմացումը մոտ ապագայում կարող է նպաստել տնտեսական ակտիվության տեմպերի ակտիվացմանը:

Ըստ զեկույցի, հումք արտահանող Ղազախստանում նկատվում է տնտեսության վերականգնման տեմպերի կայունացում. սրան նպաստել է այս երկրի հարկա-բյուջետային քաղաքականությունը: ՀԲ-ն նկատում է, որ Ադրբեջանում էլ տնտեսական իրավիճակը որոշակիորեն բարելավվել է:

Ինչ վերաբերում է հումք ներկրող հարեւան Թուրքիային, ապա ըստ ՀԲ-ի նախնական տվյալների, այս երկրում շարունակվում է տնտեսության վերականգնումը՝ չնայած քաղաքական իրավիճակի անկայունությանն ու արտակարգ իրավիճակի պահպանմանը:

Իսկ ԵԱՏՄ անդամ Բելառուսում, ինչպես նշված է զեկույցում, նկատվում է տնտեսության անկման մեղմացում, սրան նպաստում է Ռուսաստանի տնտեսության վերականգնումը:

Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նշում է ՀԲ-ն, այս տարի սպասվում է 1,3% տնտեսական աճ, իսկ 2018-ին՝ 1,4% : ՌԴ-ում տնտեսական աճին կնպաստի սպառման աճը: Կանխատեսվում է, որ նավթի գների կայունացմամբ եւ ճկուն մակրոտնտեսական քաղաքականության Ղազախստանի տնտեսության ակտիվացումն այս տարի կհասնի մինչեւ 2,4% իսկ 2018-ին՝ 2,6%: Ուկրաինայում տնտեսության աճի տեմպերն այս տարի կնվազեն մինչեւ 2 %, իսկ արդեն 2018-ին կաճի մինչեւ 3,5%:

Ադրբեջանի համար ՀԲ-ն կանխատեսում է՝ այս տարի այս երկրի տնտեսությունը դեռեւս անկման փուլում կմնա, որի հիմնական պատճառներից են բանկային համակարգի թերություններն ու կոշտ դրամա-վարկային, հարկա-բյուջետային քաղաքականությունը: ՀԲ-ն Ադրբեջանի համար այս տարի կանխատեսում է տնտեսության 1,4% անկում, իսկ 2018-ին 0,6% աճ:

Թուրքիայի տնտեսական աճն այս տարի, ըստ ՀԲ-ի, կկազմի 3,5%, 2018-ին՝ 3,9%` զբոսաշրջության ոլորտի աճի եւ ձեռնարկությունների ֆինանսական իրավիճակի բարելավման հաշվին:

ՀԲ-ն Բելառուսում կանխատեսում է 0,4% տնտեսական անկում. սրա պատճառը հարկաբյուջետային քաղաքականության խստացմամբ է պայմանավորված: Իսկ ահա 2018-ին Բելառուսում հնարավոր է 0,5% աճ:

Անդրադառնալով ռիսկերին, Համաշխարհային բանկը նկատում է՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածությունը կարող է ազդել նշված երկրների տնտեսության աճի տեմպերի վրա: Եվ որպես օրինակ ՀԲ-ն նշում է՝ Սիրիայում իրավիճակի սրումը կարող է ներդրողների վստահությունը կորցնել, Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչությունները, Արեւելյան Ուկրաինայում բեռնափոխադրումների շրջափակումն ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության շարունակությունը:

Հումքային ապրանքների գների կայունացումն, ըստ ՀԲ-ի, կարող է նպաստել զեկույցում անդրադարձ արված հումք արտահանող երկրների տնտեսական աճին, սակայն համաշխարհային ֆինանսական շուկաների անկանոն խստացումը հնարավոր է ազդի տարադրամի վրա, ինչպես նաեւ հնարավոր է վարկերի տոկոսադրույքների բարձրացում եւ կապիտալի արտահոսք:

 

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930