Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանի տեղեկացմամբ՝ Վրաստանը փաստաթղթերը վաճառում է Հայաստանին: Նա մանրամասնեց, որ վրացական կողմը 4 լարիով է վաճառում մեկ փաստաթղթային էջը. «Մեր ժողովրդի պատմության վերաբերյալ Թբիլիսիում ավելի շատ փաստաթղթեր կան, քանի որ ընդհանուր հրամանատարությունը գտնվում էր Թբիլիսիում: Իսկ իրենց ժողովրդի պատմությունից մեզ մոտ քիչ բան կա: Մենք մայիսի 28-ն ենք ասում անկախության հռչակման օր, բայց մայիսի 30-ին է որոշվել, որ ՀՀ-ն պետք է անկախ հռչակվի, և հռչակագիրը մայիսի 31-ին է թերթում լույս տեսել: Թբիլիսիից փաստաթղթեր ենք բերել: Ուղղակի Վրաստանը մի սկզբունք ունի. փաստաթղթերը վաճառում է: 30 էջի համար պետք է վճարել 75-80 լարի»:
«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Վիրաբյանը ներկայացրեց, թե փաստաթղթային ինչ արխիվ ունենք. «Սարդարապատի, Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերի փաստաթղթերն այդքան էլ շատ չեն, քանի որ մարդիկ գրելու ժամանակ չունեին, հրամանները հաճախ բանավոր են տրվել: Ղարաքիլիսայի մասին փաստաթղթերն ավելի շատ են, քանի որ Սիլիկյանը բանակային միավորումների ղեկավարներին հորդորել է տասնյակ էջերով զեկուցագրեր գրել, թե ինչն էր պատճառը, որ իրենց առաջ դրված խնդիրները չեն կատարել»:
Դառնալով Արցախյան ազատամարտի վերաբերյալ փաստաթղթերին՝ պարոն Վիրաբյանն ասաց. «1992-ից սկսած, երբ ստեղծվեց ՊՆ-ն, ամեն ինչ փաստաթղթավորված է, որը պահպանվում է ՊՆ-ի արխիվում: Կան փաստաթղթեր, որոնք գաղտնի են, որոնց ես էլ ծանոթ չեմ: Ունենք նաև հուշեր: Հուշեր են գրել Սամվել Բաբայանը, Կոմանդոսը, բայց իրենց հուշերում ներկայացրել են, որ գլխավոր դերակատարներն իրենք են եղել: Դա նման է նրան, որ ըստ պտղոմեոսյան տեսության՝ աշխարհը երկրակենտրոն էր, արեգակը երկրի շուրջ էր պտտվում, հետո հակառակը դարձավ: Այնպես են ներկայացրել, որ ամեն ինչ իրենց շուրջ է պտտվում: Դրա համար միշտ ասել եմ, որ հուշերը սուբյեկտիվ են և պետք է համեմատվեն փաստաթղթերի հետ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ