«Չի կարելի, որ արտաքին քաղաքականության եւ հակամարտության ընթացքի ողջ բեռն ընկնի սահմանը պահող զինվորի ուսերին, իսկ բանակցող կողմը՝ տվյալ պարագայում՝ Հայաստանը, Ադրբեջանի հետ ամեն մի դետալի շուրջ համաձայնության գալու կամ չգալու վրա ծախսի տարիներ, իսկ նպատակները եւ միջոցները վերածի ինքնանպատակի: Հասկանալի չէ, թե ինչ է բանակցում հայկական կողմն Ադրբեջանի հետ ավելի, քան 20 տարի: Նույնիսկ, եթե հետաքննության մեխանիզմներ կիրառվեն, դա որեւէ էական ազդեցություն չի ունենա բուն կարգավորման վրա: Ընդամենը Հայաստանում կավելանա քարոզչական բնույթի հռետորաբանությունը եւ Ադրբեջանին ուղղված մեղադրանքները, առավել եւս, որ միշտ էլ հայտնի է, թե հիմնականում որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը: Մինչդեռ այս տարածաշրջանին օր առաջ անհրաժեշտ է խաղաղություն եւ զարգացում», նման կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գեւորգ Մելիքյանը` «Առավոտ»-ի տված հարցազրույցում:
Թրամփի վարչակազմի կողմից մասնավորապես ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում առավել ակտիվություն կարելի՞ է ակնկալել, թե՞ Վաշինգտոնը համաձայն է կարգավորման գործընթացում նախաձեռնողական «ղեկը» թողնել Մոսկվայի ձեռքում, հարցրեցինք մեր զրուցակցին:
«Ղեկն այսպես, թե այնպես Մոսկվայի ձեռքում է, ում այն կամովին հանձնել է հայկական կողմը՝ սուբյեկտիվ եւ օբյեկտիվ տարբեր պատճառներով, ինչին էլ լուռ համաձայնել է Արեւմուտքը: Հայաստանը պետք է ցանկանա եւ կրկին իր ձեռքը վերցնել այդ ղեկը եւ հանդես գա՝ որպես ինքնիշխան եւ ամբիցիոզ պետություն: Դրան հասնելու համար անհրաժեշտ են մի շարք համալիր գործողություններ ամենաառանցքային բնագավառներում՝ սկսած կրթությունից մինչեւ ռազմական գործ եւ արտաքին քաղաքականություն, ինչպես նաեւ՝ գլխավոր գործող անձանց փոփոխություն քաղաքական վերնախավում, որպեսզի հնարավոր լինի արմատապես նոր մոտեցումներ կիրառել եւ առաջ քաշել ռազմավարական նշանակության նոր հայեցակարգեր», պատասխանեց նա:
Գեւորգ Մելիքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք հունիսի 6-ի տպագիր «Առավոտ»-ում:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ