Գյումրու այսօրվա ավագանու նիստն աչքի ընկավ հետաքրքիր մի նորությամբ.Գյումրու ՏԻՄ ընտրություններից հետո տևական ժամանակ փողոցներում բողոքի դուրս եկած, Սամվել Բալասանյանին կեղծիքներով քաղաքապետ դառնալու մեջ մեղադրած ու ավագանու նիստերը մոտ մեկ տարի շարունակ բոյկոտած «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամներն այսօրվանից արդեն մասնակցում են ավագանու նիստերին։ Թեև նկատենք, որ նրանց մասնակցելն ու ավագանու արձակուրդ գնալը մեկ եղավ։ «Հայկական վերածնունդ» կուսակցությունը Գյումրու ավագանու կազմում ունի չորս մանդատ։
Լրագրողները «Հայկական վերածնունդ» կուսակցության խմբակցության քարտուղար Հասմիկ Եղիազարյանից հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են իրական այն խոսակցությունները, որ Սամվել Բալասանյանի որդի Միսակն է համոզել «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամներին՝ Գյումրու ավագանու նիստերին ներկայանալու համար. «Մենք ո՛չ մեկին չենք տեսել, ո՛չ մեկի հետ բանակցությունների չենք գնացել, ո՛չ մի որդի մեզ չի դիմել, անձամբ ես Բալասանյան Սամվելի որդուն տեսել եմ սրանից 20 տարի առաջ «Բալատոն» վարժարանում սովորելիս, հիմա որ կանգնի ձեր կողքին, չեմ էլ ճանաչի, թե ով է»։
Հասմիկ Եղիազարյանը պարզաբանեց, որ ավագանու նիստերին չէին մասնակցում՝ սպասելով Սահմանադրական դատարանի որոշմանը։
ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին, թե ձեր մասնակցությունը չպիտի՞ համաձայնեցնեիք մյուս խմբակցությունների՝ ԲՀԿ-ի ու ԳԱԼԱ-ի հետ, տիկինն ասաց, որ երեք խմբակցություններով ստորագրել էին համաձայնագիր չմասնակցելու ավագանու նիստերին մինչև Սահմանադրական դատարանի որոշումը, որից հետո յուրաքանչյուր կուսակցություն պիտի ինքնուրույն վճիռ կայացներ։
Հարցին՝ դուք ընդդիմադիր խմբակցությո՞ւն եք, թե՞ ոչ, Հասմիկ Եղիազարյանը պատասխանեց. «Մենք ընդդիմադիր կուսակցություն ենք ներկայացել, բայց թե ինչպիսի դիրքորոշում կունենանք, կախված է ավագանու աշխատանքից»։
Ի դեպ, Սամվել Բալասանյանի նախկին մտերիմ ընկեր Հովհաննես Մարգարյանը որպես ավագանու անդամ մանդատ չի վերցրել։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ