Վերջերս Իսպանիայի տարբեր քաղաքներում կայացել է պոետ, սցենարիստ, կինոպրոդյուսեր և փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի «Անթռչուն երկինք» գրքի շնորհանդեսը: Aravot.am-ը հեղինակին հարցրեց` իր կարծիքով, ինչո՞ւ է այդպես հետաքրքրել եվրոպացի ընթերցողին, գրքին անդրադարձել են մի քանի տասնյակ լրատվամիջոցներ:
«Եվրոպայում էլ նույնն է, ինչ` մնացած երկրներում, նաև` Հայաստանում. սկզբում` թերահավատ են, հետևում են լուռ, հետո` կարող են զուսպ արձագանքել, ժամանակ անց` նաև գովել: Իմ առաջին գիրքը Իսպանիայում տպագրվել է 2011-ին. եղել են դրական, սակայն զուսպ, ես կասեի` կցկտուր արձագանքներ: Այս մեկը ուշադրության արժանացավ առավել չափով. ավելի քան երեք տասնյակ թերթեր և կայքեր արձագանքեցին, գուցե նաև այն պատճառով, որ ավելի մեծ էր լսարանը` տարբեր լեզուներով, և ներկայացված էր եվրոպական խոշորագույն գրախանութների ցանցերում: Այստեղ այս չափանիշներն էլ կարևոր են: Եվրոպական պոեզիան այսօր միատարր չէ. կան տարբեր ուղղություններ, տաղանդավոր պոետներ, յուրաքանչյուրը` սեփական գեղարվեստական համակարգով. երևի հետաքրքիր է, որ չես կրկնվում, կամ` չես կրկնում, ինչն էլ այս պարագայում նույնն է»,-ասաց Սլավի-Ավիկ Հարությունյանը:
Սլավի-Ավիկ Հարությունյանի հետ հարցազրույցը` տպագիր «Առավոտի» հունիսի 6-ի համարում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ