Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի մանկական ստեղծագործության թանգարանում «Փրայմ Ինշուըրնս Բրոքերս» ընկերությունը՝ Հայաստանի նկարիչների միության և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել է «Ապահովագրությունը մեր աչքերով» մանկական նկարների ցուցահանդեսը:
Որպես ցուցահանդեսի խորագիր ընտրվել է Հենրիկ Իգիթյանի` «Նոյը տապանը կառուցեց մինչև ջրհեղեղը» խոսքը, նպատակ ունենալով ընդգծել ապահովագրությամբ հատուցվող պատահարներին նախապատրաստվելու և պաշտպանվելու անհրաժեշտությունը:
Ցուցահանդեսին մասնակցել են ապահովագրության ոլորտի աշխատողների մինչև 15 տարեկան 23 երեխա, որոնք ընտանիքում նախապես ստացել էին խորհրդատվություն նկարի թեմայի ընտրության հարցում:
Նկարներում օգտագործված են տարբեր նկարչական տեխնիկաներ, որոնց կիրառմամբ մասնակիցները փորձել են յուրօրինակ մոտեցում ցուցաբերել` ներկայացնելով ապահովագրությունն իր ողջ բազմազանությամբ:
Ցուցահանդեսին ներկա էին ճանաչված նկարիչներ, մանկական ստեղծագործության թանգարանի մանկավարժներ և սաներ, ապահովագրական և բրոքերային ընկերությունների աշխատողներ` իրենց ընտանիքներով:
Հայաստանի նկարիչների միությունը և Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը ձևավորել էին հանձնաժողով, որի անդամները հենց ցուցահանդեսի ընթացքում մեկնաբանել են մասնակիցների աշխատանքները:
Միջոցառման ընթացքում ցուցահանդեսի մասնակիցները ստացան անվանական վկայագրեր և որպես հուշանվեր` իրենց աշխատանքների պատկերով շապիկներ: «Ապահովագրությունը մեր աչքերով» ցուցահանդեսը կգործի հունիսի 3-15-ը:
Սոֆի ՕՀԱՆՅԱՆ