Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շրջակա միջավայրին ամենաշատը հանքարդյունաբերությունն է վնասում (Տեսանյութ)

Հունիս 05,2017 15:49

Հայաստանի կառավարությունը մաքուր գյուղատնտեսությունը, տուրիզմն ու հանքարդյունաբերությունը գերակա ուղղություն է հռչակել: Սակայն բաց եղանակով շահագործվող մետաղական հանքերը սպառնալիք են առաջին երկու ուղղություններին: Այսօր «Շրջակա միջավայրի պահպանության եւ բնապահպանի օրվա» առիթով ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

Տիկին Դանիելյանը, որը նաեւ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ ղեկավարն է, «Տեսակետ» ակումբում ասաց, որ Հայաստանում, շրջակա միջավայրին ամենաշատը հանքարդյունաբերությունն է վնասում: Նույն կարծիքին էր նաեւ «Առողջ միջավայր» ՀԿ նախագահ Մովսես Մանուկյանը:

Ըստ նրա, ամենաակնառուն այսօր Ամուլսարի օրինակն է, որի շահագործմամբ վտանգի տակ է դրվել Սեւանա լիճն ու Ջերմուկ հանգստյան գոտին:

Մանրամասները` տեսանյութում

Տիկին Դանիելյանի խոսքով, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանքարդյունաբերությունից տուժած մարզերը Լոռին ու Սյունիքն են, որտեղ հիվանդացության ու մահացության տոկոսը ամենաբարձրն է:

Նրա կարծիքով, փոքր ՀԷԿ-երի գոյությունն էլ մեր երկրում արդարացված չէ, քանի որ դրանք շահագործողները չեն պահպանում սահմանված չափորոշիչները եւ անխնա օգտագործում են գետերը, մինչդեռ զարգացած երկրներում, դրանց գոյությունը դրական է ընկալվում:

Կարինե Դանիելյանը գտնում է, որ շրջակա միջավայրի նկատմամբ անխնա վերաբերմունքը գալիս է էկոլոգիական կրթության բացակայությունից: Ըստ նրա, էկոլոգիական մշակույթը կրթված լինելով է ձեւավորվում:

Ասուլիսի մեկ այլ բանախոս` Աիդա Իսկոյանը, որը ԵՊՀ Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավարն է, նկատեց. «Ոչ մի հաջողության չենք հասնի, եթե որոշում կայացնողը հասարակությանը տեղյակ չի պահում իր որոշումների մասին: Մենք վատ օրենքներ չունենք, պարզապես դրանք չեն կատարվում: Ծիծաղելի պատժամիջոցներ են կիրառվում: Օրինակ՝ Անգլիայում մեկ օրվա խախտման համար 25 հազար դոլար տուգանք է սահմանված, խախտումը երկրորդ օրը կրկնվեց` տուգանքը կրկնապատկվում է` դառնալով 50 հազար դոլար»:

Մովսես Մանուկյանն անդրադառնալով վարչապետի նախաձեռնությանը` «Մաքուր Հայաստան» ծրագրին, որն իրենից ենթադրում է համահայկական աղբահավաքություն, ասաց, որ երեւույթը ողջունելի է, սակայն, երբ հավաքված աղբը վերամշակելու հնարավորություն չկա, խնդիրը չի լուծվում: Ըստ նրա, ճիշտ կլիներ աղբի վերամշակման գործարաններ հիմնել:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930