Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկող բլից մրցաշարի արդյունքներով կորոշվեն շախմատի «Altibox Norway Chess» գերհզոր մրցաշարի հիմնական մրցաշարում աշխարհի տասը ուժեղագույն գրոսմայստերների հերթական համարը, իսկ վաղը կսկսվի պայքարը:
Կազմակերպիչներին հաջողվել է հավաքել շախմատի համաշխարհային բոլոր գերաստղերին: Խաղատախտակների առջեւ կպայքարեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Ուեսլի Սոն, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան (երեքն էլ՝ ԱՄՆ), Վլադիմիր Կրամնիկը, Սերգեյ Կարյակինը (երկուսն էլ՝ Ռուսաստան), Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Լեւոն Արոնյանը (Հայաստան), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) եւ Անիշ Գիրին (Նիդերլանդներ):
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 249 հազար եվրո է: Հաղթողը կստանա 70 հազար, մրցաշարային աղյուսակը եզրափակողը՝ 14 հազար 750 եվրո:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ mattogpatt.no-ի