Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. «Ոսկե ծիրանը» կինոյի զարգացման հայեցակարգում լրջագույն դերակատարություն ունի» (Տեսանյութ)

Հունիս 05,2017 14:38

Հունիսի 5-ին մշակույթի նախարարությունում կայացավ «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնի մեկնարկին նվիրված ասուլիս, որին մասնակցում էին նախարար Արմեն Ամիրյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Փառատոնն այս տարի կկայանա հուլիսի 9-16-ը:

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ձեւակերպմամբ, ամեն տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ուրախություն է բերում մեր քաղաքին: «Այս փառատոնը կինոյի զարգացման մեր պատկերացրած հայեցակարգում լրջագույն դերակատարություն ունի եւ հարթակ է նաեւ գործարար ծրագրերի փոխանակվելու»,- նշեց նախարարը:

Պարոն Յիրիկյանի խոսքով, փառատոնը մեր երկրի կարեւորագույն միջոցառումներից է, նաեւ «Ոսկե ծիրանով» է մեր երկիրը արժեւորվում աշխարհում, ու փառատոնն այս իմաստով արդարացնում է իր առաքելությունը: «Ամեն տարի ամռանը «Ոսկե ծիրանի» օրերին Երեւանն իսկական տոն է ունենում: Այն արժեհամակարգ ձեւավորող, արվեստի լեզվով խնդիրները վեր հանող, գեղեցիկն ու առողջը սերմանող երեւույթ է, որը արդեն 14 տարի այցեքարտ է դարձել Հայաստանի համար»,- հավելեց ՎիվաՍԵլ-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Հարություն Խաչատրյանը թվարկեց բոլոր աջակիցներին ու շեշտեց հատկապես ՀՀ նախագահի առանձնահատուկ վերաբերմունքը փառատոնի հանդեպ: «Ոսկե ծիրանը» անձնական բան չէ: Շատ երկրներ իրենց լավագույն ուղերձներում մեր երկիրը հիշելիս վկայակոչում են «Ոսկե ծիրանը»,-փաստեց փառատոնի հիմնադիր տնօրենը:

Միքայել Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ փառատոնը ստացել էր 1100 հայտ` 96 երկրից, իսկ մրցութային եւ արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է ավելի քան 100 ֆիլմ: Երեւան են «գալու» Կաննի կինոփառատոնի 8 ֆիլմերը, Ռոտերդամի փառատոնի 3 ֆիլմերը, Վենետիկի եւ մյուս փառատոների լավագույն ֆիլմերը:

Այս տարի «Ոսկե ծիրանը» էլեկտրոնային հարցում էր իրականացրել, թե հանդիսատեսն ինչ ֆիլմեր կցանկանա դիտել եւ փառատոնի ծրագրում հաշվի են առնվել կինոսիրողների նախասիրությունները:

Փառատոնի միջազգային խաղարկային ժյուրիի կազմում են ռեժիսորներ Հյու Հադսոնը, Սիռո Գեռան, Ալեքսեյ Ֆեդորչենկոն, Իլդիկո Էնյեդին: Վավերագրական մրցույթի ժյուրին ներկայանում է հետեւյալ կազմով` Յուջին Քոր, Թոմ Ֆասարթ, Միքելանջելո Մեսսինա, Գրիգոր Հարությունյան եւ Միմի Գյորգովսկա: «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում Մարիամ դ՛Աբոն է, Դավիթ Սաֆարյանը, Յադվիգա Նովակովսկան, Գագա Չխեիձեն եւ Յան Գերգերը:

«Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը նշեց, որ փառատոնը կբացվի Համո Բեկնազարյանի «Խասփուշ» ֆիլմով, որի 90-ամյակն է լրանում այս տարի: Սա հայկական առաջին պատմահեղափոխական կինոնկարն է: Ֆիլմը կցուցադրվի Վահագն Հայրապետյանի եւ բենդի` հատուկ ֆիլմի համար գրված երաժշտության ուղեկցությամբ:

Այս տարի կբացվեն նաեւ 3 երեւելիների աստղերը Շառլ Ազնավուրի հրապարակում՚ Միքայել Դովլաթյան, Սերգեյ Իսրայելյան, Յուրի Երզնկյան:

Ֆիլմերը, բացի հիմնական կինոթատրոններից, բացօթյա կցուցադրվեն 7 հրապարակներում եւս:

«Ոսկե ծիրանը» կփակվի Ջո Բեռլինգերի «Բնաջնջման մտադրություն» (2017թ.) ֆիլմով, որի պրեմիերան տեղի է ունեցել «Տրայբեկա» կինոփառատոնում: Ռեժիսորը ներկա կլինի ցուցադրությանը, նաեւ վարպետության դաս կանցկացնի:

Հարություն Խաչատրյանը շեշտեց, որ այս տարի «Ոսկե ծիրանը» կինոաշխարհի առնվազն 10 հսկայի ֆիլմեր է ներկայացնելու, իսկ այլ մանրամասներ առայժմ չհայտնեց. «Չի կարելի մեկ զամբյուղի մեջ դնել ամբողջ տեղեկատվությունը, դեռ ասուլիսներ կունենանք, կհանդիպենք ու կտեղեկանանք, թե ինչ հատուկ հյուրեր կունենանք»

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930