Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանագետ. «Նոր զարգացումներ են խմորվում, որոնք մեծամասամբ հակաիրանական են» (Տեսանյութ)

Հունիս 05,2017 14:08

Իրանագետ, ՀՀ ՊՆ պաշտոնական ազգային հետազոտական համալսարանի վերլուծաբան, ԵՊՀ քաղաքակրթությունների եւ մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Աննա Գեւորգյանը կարծում է, որ հայկական մամուլը հարեւան Իրանին անդրադառնալիս ունի որոշակի խնդիր. Իրանին անդրադառնում ենք միջուկային ծրագրի հետ կապված, երբ միջազգային ասպարեզում թմբկահարվում է, ու որպես կանոն, միջնորդավորված`ռուսական կամ միջազգային մամուլից:

Երեւանի մամուլի ակումբի եւ Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի կազմակերպած «Միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ Հայաստանում հանրային իրազեկման բարելավում սոցիալական մեդիայի միջոցով» թեմայով քննարկման ժամանակ, «Հետընտրական Իրանը. Երկրի ներպետական զարգացումների հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում: Իրանի շուրջ զարգացումները հայաստանյան ԶԼՄ-ներում» զեկույցում, իրանագետը նկատեց, որ հասարակական շփումների առումով Հայաստանում լուրջ բաց ունենք` հասկանալու Իրանի հասարակական հարաբերությունները, քաղաքական համակարգը, հասարակության ներգրավվածությունն այդ համակարգում, ուստի ընկնում ենք ծայրահեղությունների գիրկը:

Ծայրահեղություններից մեկն այն է, որ Իրանում նախագահը ոչինչ չի որոշում, նախագահական ընտրություններն այդ երկրում ձեւական են, ամեն ինչ որոշում է հոգեւոր առաջնորդը: «Դրանում կա ճշմարտության հատիկ, բայց դա բացարձակ ճշմարտություն չէ, քան որ 1989-ից սկսած` Իրանի հոգեւոր առաջնորդը չի փոխվել: Մինչդեռ նախագահի անձը կարեւոր նշանակություն ունի, թե ինչպե՞ս է Իրանը ներկայանում միջազգային հարթակներում»,- ասաց բանախոսը:

Մյուս ծայրահեղությունն էլ այն է, որ Իրանում նախագահը շատ մեծ լիազորություն ունի երկրի քաղաքականության մեջ շատ մեծ բան փոխել: Մինչդեռ, ըստ իրանագետի, «բարեփոխիչ» եւ «պահպանողական» տերմիններն Իրանի պարագայում շատ հարաբերական են: Ի դեպ, ըստ բանախոսի, Իրանում նախագահական ընտրությունները միշտ լինում են անազատ, բայց անկանխատեսելի:

Ի՞նչ կարող էր փոխվել, եթե Իրանում կայացած նախագահական ընտրություններն այլ ելք ունենային` տեսանյութում

Այս համատեքստում, անդրադառնալով Իրան- Հայաստան հարաբերություններին, ըստ իրանագետի, անկախ նրանից, թե ի՞նչ նախագահ կլիներ, դրանք դժվար թե կտրուկ փոփոխությունների ենթարկվեին: «Այդ հարաբերությունները կարեւոր են ոչ միայն տարածաշրջանային առումով, այլ Իրանի իմիջի համար»,- ասաց բանախոսը`հավելելով, որ, օրինակ, այն մեղադրանքներին, թե Իրանը չի կարող Արեւմուտքի հետ երկխոսության գնալ, բերվում են քրիստոնյա Հայաստանի հետ բարձր մակարդակի հարաբերությունները. «Հայաստանն դեւպի Արեւմուտք բանալի տվող երկրի դեր ունի Իրանի համար»: Համենայնդեպս, Հայաստան կատարած անցած տարվա այցից հետո Իրանի նախագահն այդպես ներկայացրեց:

Անկախ նրանից՝ Իրանի նախագահը պահպանողական, թե բարեփոխական ճամբարի ներկայացուցիչ՝ Աննա Գեւորգյանը վստահ է, Արեւմուտքի հետ սկսված հարաբերությունները ետդարձ ճանապարհ չունեն. «Ամեն դեպքում, Ռաիսիի կերպարը Թրամփի եւ իր կողմնակիցների համար ավելի ընկալելի կերպար կլիներ: Ռոհանիի եւ նրա թիմում աշխատող ԱԳ նախարար Զարիֆի հետ ավելի բարդ կլինի»:

Հայաստանի, տարածաշրջանի համար էլ, ըստ նրա, կարեւոր ու ձեռնտու էր, Ռաիսիի վերընտրումը: Բայց, միաժամանակ, Թրամփի այցը Սաուդյան Արաբիա եւ այնտեղ արած հայտարարությունները փաստում են, որ Իրանի հետ ավելի բարդ է լինելու:

Ի դեպ, երեկ հայտնի դարձավ, որ Քաթարի հետ չորս արաբական երկրներ խզել են դիվանագիտական հարաբերությունները: Դա, իրանագետի համոզմամբ, ավելի է բարդացնում իրավիճակը. «Նոր զարգացումներ են խմորվում, որոնք մեծամասամբ հակաիրանական են: Հակաիրանական բույթի զարգացումները կունենա՞ն հակաիրանական վերջնարդյունք, դժվար է ասել: Իրանը, համենայնդեպս, տարածաշրջանում շարունակում է մնալ իբրեւ կայունության կղզյակ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930