«Հարձակվել է պետք, հարձակվել ու ոչնչացնել այդ պետությունը որպես պետություն ու այդտեղ ստեղծել նորը»,- այսօր«Հենարան» ակումբում ասաց հետախույզ Վովա Վարդանովը:
Հարցին՝ պատերա՞զմ եք ուզում, պարոն Վարդանովը հարցով պատասխանեց՝ իսկ հիմա պատերա՞զմ չէ. «Դրա անունը տվեք էլի, պատերազմի ինչ-որ փուլ է՝ թեժացումներով, սառեցումներով»:
Պարոն Վարդանովը Ադրբեջանի հետ պատերազմի ավարտի երկու տարբերակ է տեսնում. «Բաքու կամ Երեւան, այս երկու քաղաքներից մեկը պետք է գրավվի: Երբ որ պատրաստվենք՝ երկու-երեք տարուց հետո կմտնենք Բաքու, եթե սկսենք ինտենսիվ պատրաստվել»:
Միջազգային ճգնաժամային խմբի հետազոտության համաձայն՝ պատերազմի ամպեր են կուտակվել Արցախի գլխին ու լայնածավալ պատերազմն անխուսափելի է, պարոն Վարդանովից հետաքրքրվեցինք՝ լայնածավալ պատերազմական գործողությունների նախադրյալներ տեսնո՞ւմ է:
«Գնդակը միշտ տալիս ենք իրենց, իրենք են որոշում, Ալիեւը անկողնուց դուրս գա ձա՞խ, թե՞ աջ ոտքի վրա՝ դրանից է կախված: Անհնար է կանխատեսել, Նոստրադամուս լինելն էլ չի օգնի: Լրջագույն սխալներ եմ տեսնում, որ ակտիվությունը իրենց ենք տվել, նախաձեռնողն իրենք են»,- պատասխանեց պարոն Վարդանովը:
Նրա խոսքով, իշխանությունները վերջապես ձեռքները տարան գրպանները ու հիմա սահմանին անհրաժեշտ սարքերը կան՝ տեսնելու հակառակորդի տեղաշարժը. «Հիմա արդեն անհնար է դարձնում աննկատ մոտենալը դիրքապահներին»:
Հոգեբան Կարինե Նալչաջյանն էլ անդրադառնալով ՊԲ որոշմանը՝ բանակից ամեն օր տեղեկատվություն չհրապարակելու մասին՝ ասաց. «Ինչքան տեղեկացված ես, տագնապներն այնքան քիչ են, բայց բանակն այն ոլորտն է, որ շաբաթը մեկ տեղեկատվություն ստանանք, եթե շաբաթը մեկ տեղեկացվենք, չի նշանակում, որ տեղեկատվությունը փակ է: Ինչ որ բան, զոհեր թաքցնելը հիմա անհնար է, աշխարհը փոքր է, Հայաստանը՝ առավել եւս: Եթե շաբաթը մեկ տեղեկատվություն տան, չեմ կարծում, որ դրանից ավելի պակաս տեղեկացված կլինենք: Սա այն ոլորտն է, որտեղ գաղտնիքներ կան, ու մենք դա պետք է հարգենք»:
Հարցին՝ արտաքին աշխարհի համար անհրաժեշտ չէ՞ ամենօրյա տեղեկատվություն, հոգեբանը պատասխանեց. «Արտաքին ուժերը մեր հոգսերով չեն քնում ու արթնանում, կարելի է ժամանակային առումով մեծ չափաբաժիններով տեղեկատվություն տալ՝ դրանից ոչինչ չի փոխվի: Կարեւորը տեղեկատվության մատուցման ձեւն է, որ այն նպատակաուղղված լինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ