«Առավոտի» ստացած բողոքի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվողներին վարչակազմն արգելում է գրաֆիկից դուրս օգտվել զանգի իրավունքից` ահազանգելու այս կամ այն իրավասու մարմնի թեժ գծին:
Ըստ բողոքի՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դատապարտյալներից մեկը պայմանների ու առողջության հետ կապված ուզում էր ՄԻՊ -ի թեժ գծին զանգահարել, սակայն հեռախոսազանգի թույլտվություն չտվեցին` պատճառաբանելով, որ գրաֆիկով 15 օր հետո է զանգելու իր հերթը: «Լավ, ինչի՞ համար են թեժ գծերը, մեռնելուց հետո ինչի՞ս է պետք թեժ գիծը»,- նշեց խմբագրություն ահազանգած դատապարտյալը:
Նրա խոսքով, ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցներն ամեն անգամ ասում են, որ թեժ գծից օգտվելը գրաֆիկի հետ կապ չունի, սակայն նրանց դիտարկումը միայն բանավոր է, ու աշխատակիցների հեռանալուց հետո ՔԿՀ-ի աշխատակիցները վախեցնում են` ասելով. «Նայի, որ գոնե գրաֆիկի օրը կարողանաս զանգես»:
Ի դեպ, ըստ նրա՝ «զանգելու պահին էլ մոտդ ՔԿՀ-ի աշխատակիցներն են «մեխվում» ու հրահանգում վտանգավոր տեղեր չզանգել»:
Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից «Առավոտին» այս ահազանգի առնչությամբ ասացին. «Չի կարող լինել այնպես, որ ազատազրկված անձը ուզի զանգահարել որևէ կազմակերպության թեժ գծի, ու իրեն ասեն՝ քո հերթը չի հասել: Եթե կա կոնկրետ դեպք ՝ուսումնասիրություն կլինի անպայման: Բայց նման բան չի կարող լինել. զանգում են տարբեր կազմակերպությունների թեժ գծերին, այդ թվում՝ նաև մերին»:
Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ