Արցախաադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն լարված է, թեեւ նախորդ ամիսների համեմատ՝ լարվածության նվազման միտում կա: Այս մասին Արցախ այցելած մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Արցախի ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը:
Նրա փոխանցմամբ՝ հակառակորդի կողմից դիվերսիոն հետախուզական խմբերի գործողություններ ներկայումս չկան, վերջնակետը փետրվարյան դեպքերն էին. «Կրակոցների թիվը մի քանի անգամ նվազել է: Եթե նախորդ տարի կրակոցներն ավելի դիպուկ էին, այս տարի տարբերություն կա: Մեր պատասխաններն էլ նպատակային են»:
Հրամանատարը հիշեցրեց, որ ՊԲ կողմից սահմանային իրավիճակի մասին հաղորդագրություններն այսուհետեւ հրապարակվելու են շաբաթը մեկ, որպեսզի լրացուցիչ լարվածություն չլինի հասարակության շրջանում. «Գտնում ենք, որ շաբաթական մեկ անգամ ներկայացնելը բավարար է՝ իրավիճակին ծանոթանալու համար: Վիրավորների մասին տեղեկությունն էլ իսկույն հաղորդվում է ծնողներին: Հայկական բանակը ոչինչ չի թաքցնում հասարակությունից»:
Ադրբեջանական քարոզչամեքենան, ինչպես նկատեց Մնացականյանը, ամեն օր ներկայացնում է ապատեղեկատվություն եւ սեփական ժողովրդին շեղում առաջնագծում տիրող իրավիճակից. «Ադրբեջանն աշխատելու է առաջնագծում լարվածություն պահպանել: Մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ համարժեք պատասխան տանք, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերջնական հարված»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ