Սենթ Քիթս եւ Դեւիսի հետ ընկերական խաղում 5:0 խոշոր հաշվով հաղթելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը լրագրողներին ասաց, որ իր կարծիքով հավաքականը պատրաստ կլինի Չեռնոգորիայի հետ խաղին: «Այս հանդիպումը կարեւոր էր նրանով, որ մենք տեսանք, թե մեր ֆուտբոլիստներն ինչ վիճակում են: Ինչ նկատել էինք մարզումների ժամանակ, այս խաղում ավելի պարզ երեւաց, թե ով ինչքանով է պատրաստ: Վնասվածքներ չունեցանք: Եղան թեթեւ հարվածներ, բայց ֆուտբոլիստներն առողջական խնդիրներ չունեն», – ասաց գլխավոր մարզիչը:
Պատասխանելով Արաս Օզբիլիսի եւ Մարկոս Պիզելիի ցույց տված խաղի մասին հարցին՝ Ա. Պետրոսյանն ասաց. «Մենք Օզբիլիսին խաղաժամանակ տրամադրեցինք՝ գիտենալով, որ «Բեշիկթաշում» վերջին շրջանում առհասարակ խաղ չէր անցկացնում, չհաշված յոթ րոպեն: Նա այսօր խաղադաշտում անցկացրեց 65 րոպե: Առաջին կեսում շատ լավ խաղ ցուցադրեց, սակայն երկրորդում ֆիզիկականը չբավարարեց, որպեսզի 90 րոպե նույն մակարդակի խաղ ցուցադրեր: Մարկոսի համար էլ շատ կարեւոր էր 90 րոպե խաղադաշտում անցկացնելը: Եթե չեմ սխալվում, վերջին անգամ նա ամբողջական խաղ անցկացրել էր փետրվար ամսին»:
Մարզիչը ընդհանուր առմամբ գոհ է նաեւ երիտասարդներից, որոնք մտան խաղադաշտ, եւ բացառված չէ, որ մեկ-երկուսը հայտնվեն հիմնական կազմում:
Արթուր Պետրոսյանի համար խոշոր հաշվով հաղթանակը սպասելի էր: «Առաջին խաղակեսը լավ անցկացրինք, բայց երկրորդում, ցավոք, հարմարվեցինք մրցակցին», – արձանագրեց նա:
Մարզիչը չմանրամասնեց Չեռնոգորիայի հետ խաղի հետ կապված ծրագրերը, սակայն նշեց՝ շատ հնարավոր է, որ նախընտրեն հարձակվողական ֆուտբոլը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ