Այսօր ֆուտբոլի ընկերական հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականին 0:5 հաշվով պարտվելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսում Սենթ Քիդս եւ Դեւիսի ընտրանու գլխավոր մարզիչ Ժակ Պասսին պատասխանեց լրագրողների հարցերին:
– Ձեր թիմի առաջին այցը Հայաստան անհաջող ստացվեց, պարտվեցիք 0:5 հաշվով: Ինչպե՞ս եք գնահատում ձեր խաղը:
– Ես մի երկրի հավաքականի գլխավոր մարզիչ եմ, որն ունի ընդամենը 42 հազար բնակչություն: Իմ փիլիսոփայությունը հետեւյալն է. եթե ուզում ես աճել, պետք է հանդիպես ավելի ուժեղ մրցակիցների: Հայաստանը մեզնից անհամեմատ լավ ֆուտբոլ խաղաց: Բայց մենք սխալներ գործեցինք, որոնք սովորաբար թույլ չենք տալիս: Հույս ունեմ, որ երեք օր անց Վրաստանի հետ խաղում այդ սխալները չենք կրկնի:
– Ձեր կարծիքով Հայաստանն ունա՞կ է աշխարհի առաջնության եզրափակչի համար պայքարել:
– Չեռնոգորիայի հավաքականի հետ հանդիպումը, կարծում եմ, ամենակարեւորն է: Եթե հաղթեք, հնարավորություն կունենաք, եթե ոչ, չեմ կարծում, թե հնարավորությունները շատ կլինեն:
– Ի՞նչ տվեց ձեզ այս հանդիպումը:
– Դուք ունեք Մխիթարյանի պես ֆուտբոլիստ: Նրա հզորությունը ոչ միայն այն է, թե ինչպես է նա գործում անհատապես, այլեւ այն, որ Մխիթարյանը օգնում է իր թիմակիցներին՝ խաղալ: Ես փորձել էի հագեցնել խաղադաշտի կենտրոնը, որպեսզի կարողանայինք փակել Հայաստանի գրոհները, բայց հայերը կարողացան խափանել իմ ծրագրերը: Ձեր հավաքականը մի թիմ է, որը ֆիզիկապես չի թուլանում եւ նույն տեմպով խաղում է 90 րոպե, ինչի շնորհիվ դուք ուժեղ հավաքական ունեք: Մենք այս խաղից օգտակար շատ բան քաղեցինք:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ