Դպրոցների օպտիմալացման թեման ամենազգայուններից է ու թերեւս ամենաշատ քննարկվածը, որովհետեւ, ի տարբերություն այլ ոլորտների, կրթության ոլորտի շահառուները թվով ամենամեծն են: Հայաստանում համարյա չկա ընտանիք, որ դպրոցի հետ կապ ունեցող որեւէ անդամ չունենա: Ընդ որում, խնդիրը առավել ցավոտ են ընկալում գյուղական համայնքներում: Վերջերս դրամատուրգ Կարինե Խոդիկյանը իրավացիորեն հայտարարել էր, թե դպրոց փակելը համարժեք է գյուղը փակելուն: Նույն մտահոգությունը բարձրաձայնել է նաեւ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը: «Գյուղեր կան, որտեղ ուղղակի չես կարող փակել դպրոցները: Օրինակ՝ Շիրակի մարզում ձմռանը ճանապարհները փակ են, կան լեռնային գյուղեր, որտեղ ճանապարհները վատն են: Եթե այդտեղ անգամ 3 աշակերտ կա, պետք է այդ դպրոցը պահել, նույնը նաեւ սահմանամերձ գյուղերում»,- ասել է կրթության փորձագետը: Ուսուցչին որակելով որպես առաջին գծում կռվող` նա կարծիք է հայտնել, որ գյուղական դպրոցների ուսուցիչների առաքելությունն ավելի կարեւոր է՝ նրանք պարտավոր են աշակերտներին հույս տալ, որ գյուղում ծնվել չի նշանակում` դատապարտված լինել:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
03.06.2017