«Օդի մեջ փոշու կոնցենտրացիան` ներառյալ փոքր կախված մասնիկները, գնահատվել է որպես առաջնահերթ մարտահրավեր։ Ավելին՝ ազոտի եւ ծծմբի օքսիդները նույնպես խնդիր են ներկայացնում օդի որակի համար, որոնք ապագայում՝ ավտոմոբիլիզացման աճի պատճառով, կարող են բացասական զարգացում ունենալ։ Ուստիեւ օդի որակը Երեւանի բնապահպանական հիմնահարցերի թվում ամենից հրատապ մարտահրավերն է»,-այսպիսի հետեւություն են արել Երեւանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագծի հեղինակները: Հունիսի 16-ին տեղի կունենան Երեւանի կանաչ քաղաքի գործողությունների ծրագրի նախագծի եւ դրա ռազմավարական բնապահպանական գնահատման վերաբերյալ երրորդ հանրային քննարկումները: Նախագիծը մշակվել է «Էրնսթ ընդ Յանգ» ՓԲ ընկերության կողմից: Նախքան ծրագրի իրականացումը, այն պետք է ներկայացվի Երեւանի ավագանու քննարկմանը եւ հաստատմանը, որից հետո միայն ծրագիրը կփոխանցվի քաղաքապետարանի Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչություն։
«Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի նպատակն է խթանել Երեւան քաղաքի տնտեսական եւ սոցիալական աճը` միաժամանակ անդրադառնալով բնապահպանական մարտահրավերներին:
«Առավոտ»-ը փորձեց համեմատականներ տանել` թե «Կանաչ քաղաքի» նախագիծը որքանով է համընկնում Երեւանի ավագանի ընտրված կուսակցությունների ծրագրերի հետ:
Նախագծով առաջարկվում է մեկ բնակչին ընկնող կանաչ տարածքը հասցնել 9 քմ-ի, ինչպես որ նախատեսված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշներով: Մինչդեռ ներկայումս մեկ շնչին ընկնող կանաչ տարածքը Երեւանում կազմում է 7,6 քմ: «Կանաչ քաղաք»-ի նախագծով պետք է Երեւանի քաղաքացիներին հեշտությամբ հասանելի լինեն ընդարձակ կանաչ տարածքները՝ հարուստ կենսաբազմազանությամբ, բնակեցված տեղական կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչներով: Երեւանի քաղաքապետարանը պետք է կենսաբազմազանությունը համարի իր քաղաքաշինության անբաժանելի մասը եւ նպատակ դնի պահպանել կենսաբազմազանության հարստությունը, որը Հայաստանը եւ Երեւանը դարձնելու է աշխարհի կենսաբազմազանության կենտրոններից մեկը։
«Ելք» դաշինքը Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական իր ծրագրի բնապահպանության հատվածում խոստացել է առաջիկա 5 տարիների ընթացքում մայրաքաղաքում եւ նրա շուրջը տնկել 500 հազար ծառ: «Ելք»-ը պատրաստվում է անգամ մայթերի եզրերով ծառեր տնկել: Դաշինքը հատուկ ուշադրություն է դարձնելու զբոսայգիների թվի եւ մակերեսի ավելացմանը:
«Երկիր Ծիրանին» իր նախընտրական ծրագրում, անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, նշել էր, որ ընտրվելու դեպքում լծվելու է անտառտնկման գործին, որպեսզի մայրաքաղաքի «թոքեր հանդիսացող» «Փարոսի» հարեւանությամբ գտնվող, Հրազդանի կիրճի, Դալմայի այգիների անտառները վերականգնվեն:
«Երկիր Ծիրանին» էլ որոշել է հասնել նրան, որպեսզի պահպանվեն մեկ շնչին հասնող կանաչ տարածքի քմ-ները:
ՀՀԿ ավագանին իր նախընտրական ծրագրում կանաչապատման մասով այլ մոտեցում է ամրագրել. կանաչապատման աշխատանքները հանձնելու է միջազգային օպերատորին: ՀՀԿ ավագանին նախատեսում է ձեռք բերել կանաչապատման ժամանակակից մեքենա-սարքավորումներ, կիրառել կանաչապատ տարածքների խնամքի նորագույն մոտեցումներ:
ՀՀԿ ավագանին նաեւ ներդնելու է կանաչապատման ծառայությունների էլեկտրոնային վերահսկման մեխանիզմներ։ Կանաչապատման սակավ հնարավորությամբ տարածքներում էլ կիրառելու է այլընտրանքային կանաչապատում: Ըստ իշխող ուժի նախընտրական ծրագրի, հիմնելու են հանգստի նոր գոտիներ, վերականգնելու են այգիներն ու զբոսայգիները։
«Կանաչ քաղաք» նախագծում տեղ են գտել նաեւ ջրային ավազանների խնդիրներն ու դրանց լուծման տարբերակները: Ըստ ծրագրի հեղինակների, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հրազդան գետը արդեն մուտք գործելիս նկատելի չափով աղտոտված է լինում կոնցենտրացիաներով, ինչը մարդկանց գործունեության հետեւանք է:
«Հրազդան գետի՝ քաղաքից դուրս եկող հատվածում ջրի որակը բավականին ցածր է եւ կարող է ունենալ բացասական հետեւանքներ ջրային պոպուլյացիաների զարգացման եւ առողջության համար։ Ավելին, նման աղտոտված ջրում կարող են լինել հիվանդություններ առաջացնող ախտածին մանրէներ։ Ախտածինների առկայությունը ջրային հոսանքներում կարող է առաջացնել տհաճ հոտ եւ հիվանդություններ`հեպատիտ, վիրուսային գաստրոէնտերիտ, խոլերա եւ այլն: Նման ախտածինները կարող են ռիսկ ներկայացնել ջրում լողացող մարդկանց կամ ձկնորսների առողջության համար»,-մանրամասնում են նախագծի հեղինակները: Ըստ նրանց անձրեւաջրերի կոյուղագծերը եւ կոյուղատարների որոշ հատվածներ կեղտաջրերը փոխադրում են ուղիղ Հրազդան գետ՝ առանց որեւէ մաքրման:
Խնդիրը լուծելու նպատակով նախագծի հեղինակներն առաջարկում են քաղաքը սպասարկել թափոնների կառավարման ժամանակակից ինտեգրված համակարգի կողմից, որը կկիրառի միջազգային չափորոշիչներ՝ Երեւանն ուղղորդելով դեպի նյութապես արդյունավետ տնտեսություն:
«Ելքն» իր ծրագրում ջրային ռեսուրսների մասով կարծես թե խոստումներ չունի: Նրա ծրագրերն ավելի շատ թափոնների մասով են: Դաշինքի ավագանին հասնելու է նրան, որպեսզի կառուցվի նոր բնապահպանական ստանդարտներին համապատասխանող աղբավայր՝ ներդրվի աղբի վերամշակման արտադրություն:
Իր նախընտրական ծրագրում աղբի եւ թափոնների կուտակման քաղաքականության վերաբերյալ կետ ունի նաեւ «Երկիր Ծիրանին»:
Կուսակցության ավագանին գտնում է, որ թափոնները պետք է օգտագործվեն էներգիայի արտադրության համար:
ՀՀԿ ավագանու ծրագրերում Երեւանի համար նոր աղբավայրի կառուցումն ու հին աղբավայրերի մեկուսացումն է: Աղբի տեսակավորումն ու վերամշակումը նույնպես ՀՀԿ-ից ընտրված ավագանու ծրագրի առաջնահերթությունների շարքում է։
Ըստ այս կուսակցության ավագանու նախընտրական ծրագրի, նախատեսվում է. Երեւան քաղաքում կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, աղբի տեսակավորման եւ վերամշակման գործարան, մեկուսացնել, բարեկարգել Նուբարաշենի եւ Աջափնյակի գործող աղբավայրերը:
«Կանաչ քաղաք» նախագծում անդրադարձ է արվել նաեւ հասարակական տրանսպորտի խնդիրներին: Նախագծի հեղինակները փաստում են, որ հասարակական տրանսպորտի օպտիմալացումը մինչ օրս դանդաղ է ընթացել։
Սակայն ներկայումս ընթացքում է գտնվում մի նախագիծ, համաձայն որի նախատեսվում է ներդնել ավտոբուսային ցանցի նոր մոդել եւ ապահովել դրա փոխգործողությունները հասարակական տրանսպորտի այլ ձեւերի հետ:
Կներդրվի սակագների ու տոմսային ինտեգրված համակարգ, ինչպես նաեւ պետք է մշակվի հասարակական տրանսպորտի պատասխանատու մարմնի ստեղծման հայեցակարգ։ Նոր մոդելը պետք է հիմնվի միկրոավտոբուսների՝ շահագործումից աստիճանաբար հանելու եւ դրանք քաղաքային ավտոբուսներով փոխարինելու վրա։ Նախատեսվում է նաեւ քաղաքի մետրոյի եւ տրոլեյբուսների վերանորոգման նախագծերի իրականացում։
«Երեւանի տրոլեյբուսների համակարգի արդիականացման ծրագրի փաստերի գնահատման հաշվետվություն է կազմվել, որը վերլուծում է մի շարք տարբերակներ, ներառյալ՝ դրանց մատչելիությունը քաղաքի բնակչության համար: Սրանք չափազանց կարեւոր զարգացումներ են արդիական հասարակական տրանսպորտի համակարգի անցնելու ճանապարհին։ Այնուամենայնիվ, ավելին պետք է արվի աշխատավայր հասնելու համար հասարակական տրանսպորտի օգտագործման մասնաբաժինը պահպանելու եւ ապագայում այդ մասնաբաժինը մեծացնելու ուղղությամբ, միեւնույն ժամանակ խթանելով «կանաչ ապրանքանիշը»` այդ թվում՝ անվտանգ հեծանվային երթեւեկություն եւ ոտքով գնալու հարմար պայմաններ»,-նշում են նախագծի հեղինակները:
Երեք քաղաքական ուժերի ծրագրերում էլ հասարակական տրանսպորտի բաղադրիչը թերեւս ամենամեծն է:
ՀՀԿ-ն Երեւան քաղաքի օրակարգային խնդիրներից մեկը համարելով հանրային տրանսպորտի անբավարար վիճակն ու մատուցվող ծառայության ցածր որակը, խոստանում է հանրային տրանսպորտի ցանցն ամբողջությամբ բարեփոխել: ՀՀԿ-ն ուսումնասիրել է միջազգային փորձն ու եկել այն եզրակացության, որ այդ բարեփոխումները տեղը տեղին իրականացնելու համար պետք է կազմավորել նոր օպերատոր։ ՀՀԿ-ն «գազելները» կկրճատի եւ նոր ու մեծ տարողությամբ ավտոբուսներ կներդնի: Կներդնի էլեկտրոնային եւ միասնական տոմսային նորագույն համակարգ՝ սոցիալական խմբերի համար հստակ զեղչերի կիրառմամբ։
Տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ էլ կապահովի երթուղիների, չվացուցակների, տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի եւ ժամանման իրական ժամանակի վերաբերյալ տեղեկությունների առցանց հասանելիությունը։ Կանգառները կարդիականացնի կանգառասրահները կկահավորի:
Կապահովի մետրոպոլիտենի արդիականացման, անվտանգության ապահովման եւ զարգացման ծրագրերի շարունակականությունը։
Ի տարբերություն ՀՀԿ-ի, «Ելքն» ու «Երկիր Ծիրանին», անհրաժեշտ են համարում մետրոպոլիտենի նոր կայարանների կառուցումը: «Երկիր Ծիրանին» գտնում է, որ մայրաքաղաքում պետք է ավելացնել կանգառների թիվը: Այս կուսակցությունը նաեւ գտնում է, որ տրամվայի շահագործումը Երեւանում կրկին դարձել է արդիական:
Հեծանանվորդների համար էլ ծրագրեր ունի: Ըստ «Երկիր Ծիրանի»-ի ավագանու, հեծանիվը կարող է դառնալ հանրային տրանսպորտի եւ անձնական ավտոմեքենայի այլընտրանք, բայց առանց նորմալ ենթակառուցվածքների դա հնարավոր չէ:
«Ելք»-ը սկսելու է ավտոբուսային միջանցքի ձեւավորումը, երբ պողոտաների երթեւեկելի գծերից մեկը պիկ ժամերին կհատկացվի բացառապես ավտոբուսների եւ տրոլեյբուսների երթեւեկությանը: Դաշինքը նաեւ ծրագրել է ավտոբուսների, տրոլեյբուսների, մետրոպոլիտենի կողմից ուղեւորափոխադրումների չափաբաժինը առաջիկա հինգ տարիներին հասցնել 80 տոկոսի՝ ներկայիս 46 տոկոսի փոխարեն, ապահովել քաղաքային տրանսպորտի լիարժեք հասանելիությունը մինչեւ կեսգիշեր:
«Ելք»-ը կարեւոր է համարում նաեւ «Զվարթնոց» օդանավակայանը Երեւանի կենտրոնին կապող ավտոբուսային շուրջօրյա երթուղու գործարկումը:
Դաշինքին, նույնպես մտահոգում են հեծանվորդների իրավունքները: Այս խմբի համար էլ «Ելք»-ը մտադիր է հեծանվային միջանցք ձեւավորել` անարգել երթեւեկությունը կազմակերպելու համար:
«Ելք»-ի սրտով չեն նաեւ ճանապարհային նշանները, որոնք, այս դաշինքի ավագանին նախատեսում է թարմացնել:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ»
03.06.2017