Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ դեպքերում չծխողների իրավունքն են ոտնահարում՝ նրանց թունավորելով ծխով»

Հունիս 05,2017 14:00

Ինչո՞ւ չառաջնորդվել եվրոպական փորձով. հասարակական վայրերում ծխելը կարելի է թույլատրել միայն առանձնացված հատվածներում կամ դրսում

Հայաստանում ծխելու դեմ պայքարի կոշտ քաղաքականությունն այս օրերին քննարկումների ամենաակտուալ թեման է. առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարել էր, որ մտադիր են օրենքով արգելել հասարակական վայրերում ծխելը: «Առավոտը» լսեց Երեւանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի որոշ անդամների կարծիքներն այս խնդրի վերաբերյալ: Դավիթ Խաժակյանը համոզված է՝ եթե օրենքը ճիշտ մշակվի, ծխողների իրավունքները չեն ոտնահարվի: «Շատ դեպքերում չծխողների իրավունքն են ոտնահարում՝ նրանց թունավորելով ծխով՝ հատկապես հասարակական օգտագործման վայրերում: Այդ սահմանափակումները ողջամտության սահմաններում պետք է լինեն, եւ հստակ պետք է սահմանվեն այն վայրերը, որտեղ չի կարելի ծխել: Օրենքը պետք է նաեւ ծխողների համար հատուկ վայրեր սահմանի»,-մեզ հետ զրույցում ասաց Դավիթը, որը չի ծխում:

Նա նշեց, որ երեկ սննդի կետերից մեկում հերթական տհաճ իրավիճակին է բախվել, երբ այցելուն ծխում էր: «Եթե հստակ արգելող մեխանիզմ լիներ, միանշանակ՝ կկանխեի դա»,-ասաց նա:

Տիգրան Ավինյանն էլ կողմ է հասարակական վայրերում ծխելն արգելելուն. «Ես ծխող եմ, բայց գրեթե բոլոր հասարակական վայրեր անհնար է այցելել, օրինակ, հղի կանանց, չծխողների հետ»: Նրա փոխանցմամբ՝ Եվրոպայում, օրինակ, փաբերն ու ռեստորաններն առանձնացված վայրեր ունեն՝ ծխելու եւ հաղորդակցվելու համար. «Դրվում են մոխրամաններ, մարդիկ էլ շփվում են ծխելու ընթացքում: Շատ հաճելի է, երբ հաստատության ներսում ծխած չի»:

Էդուարդ Աղաջանյանն էլ հավելեց, որ նշյալ մոդելը Եվրոպայում վաղուց ընդունված իրականություն է: «Հայաստանում հասարակական վայրերում ծխելն արգելելը ոչ թե սահմանափակում է ծխողների իրավունքները, այլ պաշտպանում նրանց իրավունքները, որոնք չեն ուզում ծխի մեջ նստել: «Պասիվ» ծխողների վրա դա ազդում է: ԱՄՆ որոշ նահանգներում, օրինակ, արգելվում է անգամ դրսում ծխելը: Այ դա ոտնահարում է ծխողների իրավունքները»,-նկատեց նա:

Էդուարդ Աղաջանյանը կարծում է, որ նախարարի մատնանշած օրենսդրական նախաձեռնությունը կնպաստի Հայաստանում ծխողների թվի նվազմանը:

 

ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ»

03.06.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930