«Եթե ծնողներս ինձ երաժշտական դպրոց չտանեին, գուցե սպորտսմեն, ճարտարապետ,… դառնայի: Սակայն մի բան հաստատ գիտեմ՝ երաժշտությամբ պետք է զբաղվի այն մարդը, որը ոչ թե կարող է զբաղվել, այլ չի կարող չզբաղվել»,- մի առիթով ասել է ջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Էդուարդ Թադեւոսյանը եւ դա ապացուցել իր գործունեությամբ: Անվանի երաժշտի համար տարին հոբելյանական է. լրացավ նրա ծննդյան 70, բեմական գործունեության 50, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում դասավանդելու 40 եւ նվագախմբային ֆակուլտետում որպես դեկան աշխատելու 20 տարին: Երկու տարի հետո էլ լրանում է արվեստագետի կեսդարյա գործունեությունը Կոմիտասի անվան պետական լարային քառյակում իբրեւ առաջին ջութակ եւ գեղարվեստական ղեկավար, որը համընկնում է քառյակի հիմնադրման 95-ամյակի հետ:
Հոբելյանական միջոցառումները կմեկնարկեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում, հունիսի 9-ին, Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ Էդուարդ Թադեւոսյանի նախկին ու ներկա ուսանողների մասնակցությամբ: «Առավոտի» հետ զրույցում հայտնեց արվեստագետը, հետո էլ հավելեց. «Արտասահմանից կժամանեն ուսանողներս՝ Իսպանիայից Զոհրաբ Թադեւոսյանը եւ Հոլանդիայից Մերի Խոջայանը: Ասում են՝ լինելու են նաեւ անակնկալներ…»: Զրույցի ընթացքում Էդուարդ Թադեւոսյանը մեկառմեկ թվարկեց այն ստեղծագործությունները, որոնք հենց իրեն են նվիրել մեր անվանի կոմպոզիտորները, այդ թվում՝ Ալեքսանդր Հարությունյանի «Պոեմ-սոնատը», Ադամ Խուդոյանի «Երկու մենանվագ-սոնատները», Ղազարոս Սարյանի վերջին երկը՝ «Անդանտե եւ պրեստո»-ն եւ այլն: Կոմիտասի անվան լարային քառյակին իրենց ստեղծագործությունների առաջին կատարումներն են վստահել Էդգար Հովհաննիսյանը, Լեւոն Չաուշյանը եւ այլք:
Ջութակահարը Հայաստանում եւ արտասահմանում գլխավորել է միջազգային մի շարք մրցույթների ժյուրիները: Միայն 25 տարի հանդիսացել է Ավետ Գաբրիելյան-Սարգիս Ասլամազյան հանրապետական մրցույթի ժյուրիի նախագահը, 3 թե 4 անգամ՝ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի եւ այլն:
Էդուարդ Թադեւոսյանը իբրեւ Կոմիտասի անվան պետական լարային քառյակի առաջին ջութակ եւ որպես մենակատար հանդես է եկել 50-ից ավելի երկրում, վարել վարպետության դասեր եւ այլն: Հետաքրքրությանը՝ որտե՞ղ չի եղել համերգային շրջագայության, մեր զրուցակցի պատասխանը հակիրճ էր՝ միայն Ավստրալիայում:
Մեր օրերում մոդայիկ է խորհրդային տարիների ամեն ինչը սեւով ներկայացնել, թեեւ գոնե երաժշտարվեստում կարելի է անվերջ թվարկել աշխարհին հայտնի անուններ՝ Գոհար Գասպարյանից մինչեւ Սվետլանա Նավասարդյան ու Մեդեա Աբրահամյան, Գերոնտի Թալալյան, Ավետ Տերտերյան, Տիգրան Մանսուրյան, Ռուբեն Ահարոնյան, Գեղամ Գրիգորյան, Բարսեղ Թումանյան, Հասմիկ Պապյան… բոլորին չես թվարկի: Այս դիտարկմանն ի պատասխան՝ արվեստագետը նշեց. «Այո, չգիտես ինչու, ընդունված է փնովել խորհրդային ամեն ինչը: Եկեք ազնիվ լինենք. այդ տարիներին մեր մշակույթը ծաղկում էր: Էլ չեմ խոսում կրթության եւ այլ բնագավառների մասին»: Հետո էլ օրինակ բերելով Կոմիտասի անվան լարային քառյակը, ասաց. «Մեր քառյակը խորհրդային առաջին կոլեկտիվն էր, որը 1953թ. մեկնեց Եվրոպա համերգների: Իսկ 1963թ. ԱՄՆ-ում կայացած ելույթներից հետո թերթերը գրեցին. «Ռուս երաժիշտները հալեցրին սառը պատերազմի սառույցը…»: Այդ տարիներին չէ՞ր, որ սկսվեցին սերտ հարաբերությունները Սփյուռքի հետ, մեկը մյուսի հետեւից հյուրախաղերի էին մեկնում հայաստանյան կոլեկտիվները, այդ թվում՝ Պարի պետականը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլը…»:
Անդրադառնալով մաեստրոյի հոբելյաններին, թվարկելով նրա ընդամենը մի քանի կոչում-տիտղոսները՝ Երեւանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, պետական մրցանակի դափնեկիր…, հարցրինք՝ այնուամենայնիվ, ակնկալո՞ւմ է որեւէ պարգեւ, Էդուարդ Թադեւոսյանը պատասխանեց. «2010թ. երբ Սերժ Սարգսյանից ստացա «Մեսրոպ Մաշտոց» շքանշան ու երբ դուրս եկա նախագահականից, մեկն ինձ հարցրեց՝ 1985 թվականից ի վեր, 25 տարի ոչ մի պարգեւ չէիք ստացել, դա ձեզ չէ՞ր մտատանջում… Չեմ հիշում, թե ինչ պատասխանեցի, բայց հիմա հասել եմ այս տարիքին ու մտածում եմ՝ իսկ արդյոք ինքս ամեն ինչ արե՞լ եմ, որ ավելիին արժանանամ…»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
03.06.2017